Իշխանափոխությունը քայլերից մեկն է և ոչ թե նպատակ. Արմեն Մարտիրոսյան
Այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի նպատակը մեկն է՝ հորդորելու միասնական ջանքերով դուրս գալ երկրում ստեղծված իրավիճակից։ Panorama.am-ի թղթակցի ետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Հայաստանում բոլոր ոլորտները միահյուսված են, այնպես չէ, որ որևէ ոլորտ դրական ձևով առանձնանում է։ Հայաստանում բոլոր ոլորտները ճգնաժամային վիճակում են և կառավարման համակարգը, և քաղաքացիները, և սոցիալ-տնտեսական դաշտը, և արդարադատությունը, և անվտանգությունը։ Բոլորն իրար հետ միահյուսված են և բնականաբար, պետք է քայլ անել՝ գլոբալ առումով այս ճգնաժամանային վիճակից դուրս գալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ ամբիոնից հնչելու են նաև իշխանափոխության կոչեր, քանի որ առանց իշխանափոխության Հայաստանում համակարգային փոփոխություններ անհնար է անկնկալել։
«Մենք անձերի խնդիր չունենք, մենք համակարգի խնդիրներ ունենք, իսկ համակարգը փոխելու առաջին քայլն իշխանափոխությունն է։ Իշխանափոխությունը քայլերից մեկն է և ոչ թե նպատակ»,- ասաց նա՝ հավելելով, որ ցույցի ժամանակ հատուկ շեշտադրում է կատարվելու քաղհասարակության՝ իր իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության վրա։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ամբիոնից ելույթներ են հնչելու նաև Հայաստանի ինքնիշխանության թեմայով՝ հիշեցմամբ, որ թեև Հայասստանն իրավաբանորեն անկախ երկիր է, սակայն ազատ և ինքնիշխան չէ։ Հարթակն ազատ է լինելու, հավաքվածներին կոչով կարողանալու են դիմել բոլոր ցանկացողները։
Հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը միանշանակ պատասխան չտվեց՝ նշելով, որ այս պահի դրությամբ ինքն այդ մասին տեղեկացված չէ։
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում:
Հանրահավաքին ելույթներով հանդես են գալու իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան