Երևանում կանցկացվի «Եվրիմաժի» 150-րդ նստաշրջանը
Երևանում մարտի 13-17-ը կանցկացվի «Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը, որին կմասնակցեն կառույցի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան և անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված 65 հոգանոց աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը «Եվրիմաժին» անդամակցում է 2016 թվականից: Հիշյալ ժամանակահատվածում «Եվրիմաժից» ֆինանսավորում է ստացել համատեղ արտադրության երկու կինոնախագիծ. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ » ֆիլմը (250 հազար եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):
«Մենք լուրջ անելիք ունենք մասնավորապես մեր կինոարտադրողների հայտերը Եվրիմաժի չափորոշիչներին համապատասխանեցնելու առումով: Կառույցի հետ համագործակցությունն ակտիվացնելու առումով, կարծում եմ, նպաստավոր են լինելու կինոոլորտում իրականացվող բարեփոխումները: Խոսքը վերաբերում է և՛ կինոհանձնակատարի ինստիտուտի ներդրմանը, և՛ կինոյի մասին օրենքի ընդունմանը: Նստաշրջանի օրերին, առիթից օգտվելով, մենք բանակցություններ կվարենք Եվրիմաժի ղեկավարության հետ՝ հստակեցնելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները»,-ասաց Արթուր Պողոսյանը:
Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստը Հայաստանում անցկացվում է կառույցի հայաստանյան ներկայացուցիչներ Վրեժ Քասունու և Սուսաննա Հարությունյանի համառ ջանքերի ու աշխատանքի արդյունքում: Վերջինի համոզմամբ, սա լավ առիթ է ներկայացնելու և՛ երկիրը, և՛ կինոոլորտում ունեցած մեր ներուժը:
«Երկու տարիների ընթացքում բավական աշխատանք է արվել և դեռ ընթացքի մեջ է: Եվրիմաժն ունի որոշակի չափորոշիչներ, և մենք փորձում ենք պատրաստել մեր արտադրողներին, որպեսզի Հայաստանը ներկայանա այդ չափորոշիչներին համապատասխանող մրցունակ փաթեթներով: Երևանյան գագաթնաժողովին ներկայացված է 54 կինոնախագիծ: Հայաստանը ներկայանում է մեկ նախագծով: Խոսքը վերաբերում է «Մարս մեդիա» կինոընկերության նախաձեռնած Արամ Խաչատուրյանին նվիրված «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմին: Ֆինանսական հիմնական ներդրողը ռուսական կողմն է, ինչպես նաև պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը»:
Սուսաննա Հարությունյանի տեղեկացմամբ, «Սուսերով պար»-ի ռեժիսորն ու սցենարիստը Յուսուպ Ռազիկովն է: Ազգությամբ ուզբեկ ռեժիսորը հայկական մշակույթին ու միջավայրին ծանոթացել է ազգությամբ հայ խորթ հոր շնորհիվ:
«Մեր նպատակն է «Եվրիմաժ»-ի աջակցությամբ զարգացնել ոչ միայն խաղարկային ու վավերագրական, այլև անիմացիոն կինոն: Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանից կներկայացվեն նաև անիմացիոն կինոնախագծեր»,-ասաց կառույցի հայաստանյան ներկայացուցիչ, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին, որի առաջարկությամբ, ի դեպ, «Եվրիմաժում» ստեղծվել է հատուկ մարմին և ֆինանսավորման փաթեթ անիմացիոն ֆիլմերի համար:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միզախանյանը տեղեկացրեց, որ աշխատանքայինից զատ, նստաշրջանի առիթով Հայաստան այցելած հյուրերի համար մշակվել է նաև մշակութային ծրագիր: Օրակարգում՝ Գառնի, Գեղարդ, «Մեգերյան կարպետ» և այլն:
«Եվրիմաժը» համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամ է: Ստեղծվել է 1988 թվականին՝ Եվրոպայի խորհրդին առնթեր: Այսօր ունի 38 անդամ պետություն, ներառյալ Հայաստանը: Հիմնադրամի ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչև 500 հազար եվրո: Երևանում կայանալիք նիստի օրերին Եվրիմաժի աշխատանքային խումբը կդիտարկի և կգնահատի այս ժամանակահատվածի համար ներկայացված կինոնախագծերը: