Չարենցի անտիպ ժառանգություն դեռևս կա. գրականագետ
«Ուրախալի է, որ Չարեցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում շատ մեծացել է»,- մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրվան ընդառաջ, այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Գրականագետի խոսքով՝ Չարենցը մեզ այս վերջին տարիներին ներկայացավ իր կենսագրության ու ստեղծագործության փակ էջերով. «Բազմաթիվ փակ էջեր բացահայտվեցին: Միայն վերջին տասնամյակների ընթացքում անտիպների 3 գիրք է տպագրվել՝ «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն, «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում էր շուրջ 350 անտիպ ստեղծագործություն, և նախորդ տարի տպագրվեց «Գիրք մնացորդացը», որտեղ բացի պոեմներից ու բանաստեղծություններից՝ նաև կենսագրական էջեր ու փաստաթղթեր կան»։
Նա շեշտեց, թե կան մարդիկ, ովքեր ասում են՝ ու՞մ են պետք այդ անտիպները, սակայն, Գասպարյանի խոսքով, այդպես ասողները մոլորյալներ են. «Ռուսը Մայակավսկուց, Եսենինից եթե անգամ մի անտիպ էջ էլ գտնի, աշխարհով մեկ զրնգացնում է: Մենք տպագրում ենք, ներկայացնում ենք, բայց դրա հետ մեկտեղ ինչ-որ նսեմացնող ու փչացնող բան էլ է արվում»:
Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ ինչ որ պահպանվել, տպագրվել է, քիչ չէ, բայց դեռևս ամբողջը չէ:
«Չարենցի անտիպ ժառանգություն դեռևս կա, այդ ժառանգությունը ոսկու գին ունի: Կան գործեր, որտեղ հիշվում են Չարենցի այլ գործերը, որոնք չկան, տպագրված չեն: Այդ անտիպները պահպանվել են ժառանգների մոտ: Այդ անտիպների մեջ թե մաքրագրություններ, թե սևագրություններ կան, որոնք պետք է լավ ուսումնասիրել, ճիշտ դասակարգել գլխավորն ու հարակիցները»,- հավելեց գրականագետը՝ նշելով, որ անտիպները հիմնականում ընդգրկում են Եղիշե Չարենցի կյանքի վերջին ժամանակաշրջանը:
Հարակից հրապարակումներ`
- Գաել Անդոնյանը չի միանա «Սանդերլենդին»
- «Իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է». Մանսուրյան
- Պոեզիա պետք է կարդալ, այն ազնվացնում է մարդուն. Չարենցի թոռնուհի
- «Ամեն գրքասեր պարտավոր է իր գրադարակում Չարենց ունենալ». Չարենցի հիշատակի օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան