Փոխնախարար. Նախորդ տարվա համեմատ ծառերն այս տարի 30-35 օր շուտ են ծաղկել
Փետրվարյան տաք օրերի արդյունքում այսօր հանրապետությունում ծաղկած ծիրանենիներ ու նշենիներ կան: Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսական տարին 30-35 օր առաջ է: Նորմայի համաձայն, ծառերը պետք է սկսեին ծաղկել մոտ 20 օրից:
Կոկոներն առաջինը պայթել են ամենահարավում՝ Մեղրիում, ապա տարածվել դեպի Արարատյան դաշտավար՝ Սուրենավան, Արմաշ, Մասիս, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանների գյուղեր: Գյուղատնտեսության նախարարությունում մտոհոգվելու առիթ այս պահին չեն տեսնում:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասում է՝ ամեն օր ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից ստանում են եղանակի կանխատեսումների վերաբերյալ տեղեկանքներ:
«Ճիշտ է՝ առաջիկա 2-3 օրերին ջերմաստիճանը կնվազի, սակայն կարևորը բացասական չի լինի: Տեղումների մասով էլ անհագստանալու առիթ չկա»,-բացատրում է ոլորտի մասնագետը:
Ցրտահարության վտանգ կարող է լինել, երբ տևական ժամանակ գրանցվի -4 և դրանից ցածր ջերմաստիճան: Օդերևութաբաների կանխատեսումների համաձայն, 0-ից ցածր ջերմաստիճան կգրանցվի լեռնային ու նախալեռնային շրջաններում միայն գիշերները:
Մի քանի օր առաջ տեղացած անձրևն էլ փոշոտմանը չի վնասել, ծաղիկները նոր են բացվել:
«Պետք է ասեմ, որ ծաղիկների 15 տոկոսն է փոշոտվում ու պտուղ տալիս: Այս պահին շատ են ռեզերվային ծաղիկները, դրանք դեռ կբացվեն: Նույն ծառի ոչ բոլոր ծաղիկներն են միաժամանակ բացվում: Բացի այդ էլ տեղումներն այնքան առատ չէին, որ խանգարեին փոշոտմանը: Հակառակը, օդում հարաբերական խոնավությունն արևոտ օրերին նպաստում է դրան»,-մանրամասնում է Ա. Հարությունյանը:
Ոլորտի պատասխանատուները դրական են տրամադրված, մարտին, ապրիլին, մայիսին միջինից բարձր տեղումների վերաբերյալ կանխատեսումներն ուրախացնում են, ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր կկարողանան կուտակել:
«Ուզում եմ հավատալ, որ ունենալու ենք լավ գյուղատնտեսական տարի: Հուսանք, որ տեղումների արդյունքում լեռնային, նախալեռնային շրջաններում անջրդի հողերում ջրի խնդիր չենք ունենա, տեղումների շնորհիվ էլ ջրամբարներում ջրի համապատասխան քանակ կլինի, ոռոգվող Արարատյան հարթավայրում էլ դրա արդյունքում խնդիր չի լինի»:
Այս պահին ոռոգման խնդիրը լուրջ է հատկապես Արմավիրի տարածաշրջանի գյուղերում, դրան լուծում տալում համար լրացուցիչ հորերի շահագործման ծրագրեր են իրականացվում: