Արմինե Օհանյան. Լրագրողները, խմբագիրները պետք է միասնական ու լուրջ պայքար մղեն
Կառավարության, Երևանի ավագանու նիստերի դռնփակ անցկացնելու դեմ պետք է իր խոսքն ասի ոչ միայն լրագրողական համքարությունը, այլև հասարակությունը: Սկսած այս փոփոխությունները տանում են դեպի փակուղի: Նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Տեղեկատվության սահմանափակում. ո՞ւր են տանում լրագրողների առաջ փակ դռներով ու վերահսկողությունից դուրս կառավարման միտումները» թեմայով քննարկման ժամանակ:
«Լրատվամիջոցները, լրագրողները պետք է միավորվեն և պայքարեն հարուցվող խոչընդոտների դեմ, եթե մենք զիջենք մեկ միլիմետր, մեզնից կխլեն մեկ մետր։ Այս գործընթացը նաև հնարավորություն կտա բացահայտելու իրական լրատվամիջոցներին և նրանց, ովքեր չեն աշխատում հանրային շահի համար»,-ասաց կոմիտեի նախագահն ու ավելացրեց, որ վերջին տարիներին մի շարք օրենսդրական ակտեր են ընդունվել, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Այս առումով նա հիշեցրեց՝ 2015 թ․ Գնումների մասին օրենքում տեղի ունեցած փոփոխությունը, որով երկրի առաջին 3 դեմքերի գնումների մասին ինֆորմացիան դասվել է պետական գաղտնիքների շարքը: Մելիքյանը ցավ հայտնեց, որ նման օրենքներն ընդունվում են առանց ՀԿ-ների հետ քննարկումների արդյունքում, ասվածի ապացույցն էլ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրինագծի պատմությունն էր, երբ ՀԿ-ները քննարկումների հասան, երբ նախագիծն արդեն ԱԺ-ում էր:
«Իշխանության վերնախավը որդեգրել է փակ աշխատանք, լրատվամիջոցների առջև դռները փակվում են, սրանք ռեպրեսիվ օրինագծեր են»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Քննարկման մասնակիցներից «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց՝ լրագրողների աշխատանքը կամաց-կամաց վերածվում է էքստրեմալ սպորտի:
«Վերջին տասը տարիների ընթացքում ամեն տարի արձանագրում եմ, որ նախորդ տարի ավելի հեշտ է եղել աշխատելը, քան ընթացիկ տարում: Ես այստեղ նաև լրատվամիջոցների մեղքն եմ տեսնում, որ մենք փոքրիկ հարցերում զիջեցինք, չպայքարեցինք, և այսօր կանգնել ենք ավելի լուրջ փաստերի առաջ: Եթե նախկինում ավելի միասնական լինեինք, խնդիրները հստակ ու ստույգ դնեինք, ապա նման իրավիճակի չէինք հանգի: Մամուլի խոսնակները գրեթե բացառապես մեզանից գրավոր են պահանջում հարցերը, մինչդեռ նախկինում այդպես չէր»,-ասաց խմբագիրը, ավելացնելով, որ յուրաքանչյուր դեպք կարելի է դառնալ դատական քննության առարկա, սակայն գերզբաղվածության պատճառով պրակտիկորեն անհնար է դառնում դրանց ընթացք տալը:
Օհանյանի կարծիքով, իրականացվում է հստակ քաղաքականություն, ինչի դեմ լրատվամիջոցները, լրագրողները, խմբագիրները պետք է միասնական ու լուրջ պայքար մղեն. «Առավելապես պետք է դատապարտել այն լրատվամիջոցներին, լրագրողներին, խմբագիրներին, ովքեր խրախուսում են այս քաղաքականությունը, նպաստում են այն կյանքի կոչելուն»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Աննա Հակոբյանի որակմամբ, այն ինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում կոչվում է խոսքի ազատության բռնություն. «Հիմա մեթոդն է փոխվել, բիրտ ուժին եկել է փոխարինել ավելի փափուկ, այսպես կոչված ավելի ժողովրդավար մեթոդը, որի արդյունքն ավելի վատ է, այն ավելի վտանգավոր է»:
Խմբագիրը պետական մարմինների դռնփակ նիտերի անցկացումը որակում է մամուլի ազատության, մարդու իրավունքների սարսափելի ոտնահարում, ինչը պետք է կանխել:
Հարակից հրապարակումներ`
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
- Լավ է ուշ, քան երբեք. Շարմազանովը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին
- Շուշան Դոյդոյան. «Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ»
- «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը շատ ավելի ազատական է և առաջադեմ, քան շրջանառվող նոր օրինագիծը. Աշոտ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան