Դասախոսություններ, հետազոտությունների ներկայացում, այցելություններ մարզեր. ԵՊԲՀ-ում մեկնարկել է Brain Awareness Week-ը
Այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awareness Week) Հայաստանում անցկացնելու և կազմակերպության միջոցառումների շարքում մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունն երկրորդ տարին անընդմեջ ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց այսօր՝ 6-րդ լսարանում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ողջունելով մասնակիցներին ընդգծեց, որ համաշխարհային գիտության մեջ ուղեղին նվիրված հետազոտություններն առաջնահերթություն են համարվում: Հետևաբար, «Ուղեղի ճանաչման շաբաթը» կարևոր առաքելություն ունի: Բազմաբաղադրիչ միջոցառման նպատակն է ոչ միայն մասնագետներին, այլև շարքային քաղաքացիներին իրազեկել ուղեղի և այս տարի ընտրված թեմային համապատասխան գլխուղեղի կաթվածների վերաբերյալ:
«Աշխարհի մի շարք երկրներում անցկացվող այս կարևոր միջոցառման նպատակն է ուղեղը դարձել ճանաչելի բոլորի համար. խնդիրը բավականին արդիական է նաև համաշխարհային գիտության բնագավառում: Ուղեղի հետազոտությունը՝ սկսած մոլեկուլյար մակարդակից, վերջացրած արհեստական ինտելեկտով ժամանակակից գիտության ամենալուրջ մարտահրավերներից է»,- մանրամասնեց Կոնստանտին Ենկոյանը:
ԵՊԲՀ-ում անցկացվող միջոցառման կազմակերպմանը մասնակցում են ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ապագա բժիշկներն ու երիտասարդ հետազոտողները: Այսօր ելույթ ունեցողների թվում էր ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանը:
Brain Awareness Week-ն անցկացվում է ամեն տարվա մարտին, այն միջոցառումների շղթա է, որի նպատակն է հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկություններին և նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտություններին: Այնպես որ` մարտի 12-18-ը մենք կրկին կմիավորվենք ուսումնասիրելու օրգանիզմի ամենակարգապահ ու առեղծվածային օրգանի աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները