Ես հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, սակայն մի փոքր կասկածներ ունեմ. Լյուդմիլա Սարգսյան
«Երբ ընդդիմությունն ասում է՝ պայքարում ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչու չի հնչեցնում՝ իսկ ո՞ւմ է ուզում տեսնել նրա փոխարեն: Դա շատ կարևոր հարց է: Եթե դու պայքարում ես մի մարդու դեմ և չես առաջարկում այն մարդու անունը, որն այսպես թե այնպես պետք է ՀՀԿ-ից լինի, պայքարն իրական չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Այսինքն՝ անձի դեմ պայքարում ես, բայց մեկ այլ անձ չես առաջադրում: Շատ կարևոր է, որ մարդիկ լսեն, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ, ո՞ւմ են ուզում տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում: Մարդիկ հենց այնպես ասված խոսքերի ու կարծիքների համար փողոց դուրս չեն գա: Մարդիկ շատ կոնկրետ խոսքեր են ուզում լսել»,- նշեց բանախոսը:
Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց, որ մինչ բոլորն անժիոտաժի մեջ են, Սերժ Սարգսյանը վերջին պահին հայտարարի վարչապետի թեկնածուի մեկ այլ անուն:
«Միգուցե լրիվ այլ մարդ ներկայացվի: Ով պետք է կառավարի, նա էլ պետք է պատասխան տա: Եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, իսկ պատասխան տա, օրինակ Կարեն Կարապետյանը, ավելի լավ է՝ հենց ինքը Սերժ Սարգսյանը լինի վարչապետ և ինքն էլ պատասխան տա: Ես հասկանում եմ, որ լրջագույն փորձ ունեցող քաղաքական ուժերն իրենց անելիքը քաղաքական դաշտում վարչապետի թեկնածուի հարցի շուրջ չեն տեսնում: Նրանք հասկանում են՝ սա մի գործընթաց է, որի դեմ իրենք որևէ կերպ չեն կարող պայքարել»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով փողոցային պայքարին՝ ՎՍԴՀԿ ատենապետը չպնդեց, որ այն հարյուր տոկոսով դատապարտված է, Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, կարողանա մեծ թվով մարդկանց դուրս բերել փողոց, համախմբել տարբեր քաղաքական ուժերի: Ամեն դեպքում փողոցային պայքարը չպետք է ավելի մեծ անջրպետ առաջացնի հասարակության և քաղաքական ուժերի միջև, իսկ դրա համար քաղաքական ուժը պետք է տեր լինի իր խոսքը:
«Ես հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, եթե կկարողանա անել, փառք ու պատիվ իրեն, սակայն մի փոքր կասկածներ ունեմ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի կեցվածքին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց՝ ինքը չէ որ պետք է գնահատականներ տա քաղաքական այդ ուժի դիմադիր-ընդդիմադիր լինելուն:
«Ժամանակը ցույց կտա, թե ով ինչքանով է ընդդիմություն, և ով ինչքանով է ժողովրդի շահերը պաշտպանում Ազգային ժողովում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». «Ելք»-ի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյան
- Երրորդ անգամ էլ եմ պատրաստ բանտ նստել, եթե դրա անհրաժեշտությունը ծագի. Նիկոլ Փաշինյան
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի որոշումը միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից