ՀՀ վարչապետը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը
Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ջերմ ողջույնները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական, և դա պայմանավորված է պատմական առնչություններով, լիբանանահայ համայնքի դերակատարությամբ:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զգալիորեն զիջում են տնտեսական կապերը, և պետք է ակտիվ աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լիբանանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և այն ուղղությունները, որոնք հեռանկարային են համարվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Կարեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի կողմից դեռևս 2000 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ:
Հայաստանի և Լիբանանի միջև կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը և ակտիվ շփումները՝ հատկապես բարեկամության խմբերի միջև:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
- Հայաստանի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
- Այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով. Կարեն Կարապետյան