Հանրային քննարկման է դրվում Հաց բերողի հիշատակին նվիրված մանրակերտը
Ճարտարապետների միությունում այսօրվանից հանրության դատին է ներկայացվում Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մանրակերտ-հուշակոթողը: Հուշակոթողը բաց է բոլոր ցանկացողների համար՝ մինչև մարտի 16-ը՝ նրա մահվան տարելիցի օրը ներառյալ: Նախագծի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է:
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հեղինակը փորձել է մանրակերտը մոտեցնել Արթուր Սարգսյանի բնույթին, նրա էությանը. «Կոթողը ջրավազանի վրա է կանգնած լինելու: Ջրերից դուրս է գալիս շատ ամուր, կամային մի բնավորություն, էություն, ապա ապակու միջոցով նորից մաքրվում, նորից բարձրանում՝ այնտեղ՝ դեպի հավերժություն, մեզ թողնելով իր պատգամները, որ մարդը մարդու նկատմամբ պետք է լինի ոչ թե գազան, ոչ թե թալանելու մտադրությամբ պիտի մոտենա, այլ օգնելու, ձեռք մեկնելու մտադրությամբ»:
Հովհաննիսյանը նշեց, որ իրեն լավ կզգամ, եթե Հաց բերողը ապրի՝ ոչ միայն իր թողած գեղեցիկ հետագծով, հուշով, այլև իր թողած պատգամներով, որ հայերը վերագտնեն իրենց իսկական էությունը՝ իբրև մարդկային, հյուրասեր, բարձր արժեքային համակարգ ունեցող մի ազգ:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշեց, որ նախագիծը հանրային քննարկումների փուլից հետո պիտի ներկայացվի քաղաքապետարանի հաստատմանը: Հուշարձանի տեղադրման համար վայրի ընտրությունը կանգ է առել Մաշտոցի պուրակի վրա, այնտեղ գտել են հատված, որտեղ ծառ չի հատվելու, միայն մեկ փոքրիկ ծառ՝ երկու տարեկան բալենին, պիտի զգուշությամբ հանեն և տեղափոխեն, մնացածը ամբողջությամբ մարգ է, և դրա մեջ փոքր բազալտե հարթակով դրվելու է հուշարձանը:
«Հուշարձանը թվում է՝ մեծ է, բայց իրականում ընդամենը 3-ը 3-ի վրա քառանիստ է: Կոթողի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մաքրությունից բարձրանում է հայ ժողովրդի կարծր բնավորությունը, որը մենք տեսնում ենք Արթուրի մեջ, ամեն մի սյունը խորհրդանշում է Արթուրի բնավորության բազմազանությունը: Իր միջով նա անցկացնում է աշխարհի ցավը, լավն ու վատը, դարձնում է դա բարոյականություն, և ապակին, որով ավարտվում են բազալտե սյուները, խորհրդանշում է այն բարությունը, այն մարդկային վերաբերմունքը, որն Արթուրը որպես սկզբունք դրսևորում է իր ամբողջ կյանքի ընթացքում, և որը մեզ փոխանցեց, այն է՝ լինել բարի իրար նկատմամբ, սիրել իրար, փայփայել, չչարանալ, տեսնել միայն և միայն բարին, բարոյականությունը: Այդ բոլոր սիմվոլները փորձեցինք դնել հուշարձանի մեջ»,- ասաց նա:
Հարցին՝ որքանով է համոզված, որ քաղաքապետարանը կհաստատի նախագիծը՝ Թարխանյանը հույս հայտնեց, որ մեկ կամ երկու ամիս հետո կստանան դրական որոշում, եթե ոչ՝ ամբողջ կյանքը դեռ առջևում է, օրերից մի օր այդ դրական պատասխանը կստացվի, և մեր երեխաներն ու թոռները կտեսնեն հաց բերողի հուշարձանը:
Երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանն առաջարկեց հուշակոթողից բացի հանրային քննարկման դնել նաև մեկ այլ գաղափար, այն է՝ մի նոր ավանդույթ ձևավորել, ամեն տարի մարտի 16-ին ուղղակի հաց բաժանել հացի կարիք ունեցողին: Դա, ըստ Պետրոսյանի, բոլորին կվեհացնի, կմաքրի, այնքան լավը կդարձնի:
«Ես լսում և մտածում էի՝ կա՞ աշխարհում մի քաղաք, գյուղ, որտեղ լինի հաց բերողի հուշարձան, կարծում եմ՝ չկա: Ինչու՞ չէ, շատ լավ է, որ մեզ մոտ կարող ենք ունենալ այդպիսի մի սիմվոլ, մանավանդ պատմության մեջ բավական հետաքրքիր դրվագներ են եղել՝ ոչ մեր Արթուրի կյանքի, այլ վերջինը կիսվելու առումով: Այս սիմվոլը թող լինի մեր քաղաքում, մի բանով էլ գլուխ գովենք, երկրորդը՝ այն շատ մոդեռն ու յուրահատուկ բան է»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հավաք-երթ՝ ի հիշատակ Հաց բերողի
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել