Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի
Արցախում անցած տարին ամփոփվել է 15.6 տոկոս տնտեսական աճով, որը նորանկախ Արցախի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը Լիբանանում անցկացվող «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին:
«Համոզված եմ, որ տարիների ընթացքում ընկերության բաժնետերերի թիվը կավելանա, և հաջողված ծրագրերի քանակն ու ծավալները կընդլայնվեն: Այդ են վկայում ոչ միայն կատարված աշխատանքների արդյունքները, այլև՝ տարեցտարի նոր բաժնետերերի ներգրավումը ծրագրերում, ինչի համար ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՐԻ-ի բոլոր բաժնետերերին»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ԱՀ պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին: Այս հարցում Ա. Հարությունյանը կարևորել է նաև ԱՐԻ-ի ունեցած ներդրումը և հույս է հայտնել, որ հետայսու ևս այն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու Արցախի տնտեսության զարգացման և բնակչության կյանքի որակի բարելավման գործում:
Այնուհետև ժողովի մասնակիցներն ամփոփել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակարանաշինության առաջին փուլի արդյունքները: Նշվել է, որ համայնքի «Արիավան» թաղամասում նախատեսված 150 առանձնատներից 50-ն արդեն շահագործման է հանձնվել:
Երկրորդ փուլի համար ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի կողմից նախապես կայացրած հինգ առանձնատների կառուցման որոշումը փոխվել է, երբ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունն իր բաժին մասնակցությունն է ունենալու դրանց կառուցմանը:
Արդյունքում, նոր որոշում է ընդունվել կառուցել 20 առանձնատուն, և ժողովի ավարտին ծրագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՐԻ ընկերության նախագահ Սուրեն Սարգսյանը և «Արցախ ֆոնդ» կազմակերպության ատենապետ Մելքոն Հակոբյանը:
ԱՀ պետական նախարար Ա. Հարությունյանը մարտի 13-ին Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը ռեկորդային՝ 15.6 տոկոս ՀՆԱ-ի աճ է արձանագրել. ԱՎԾ
- Քաշաթաղի Աղավնո գյուղում 50 տուն է կառուցվում
- Արցախի Աղավնո գյուղում 50 բնակելի տուն է կառուցվելու