Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին. Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման ենթարկվել, նշել է. «2011 թվականի հունվար ամսին եկեղեցու գմբեթի լուսավորված խաչը սպառնալիքների թիրախ էր դարձել: Եկեղեցու վրա շշեր են նետվել, որոնցից մեկի մեջ գրություն է դրված եղել՝«եկեղեցու խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք կիջեցնենք» բովանդակությամբ: Այնուհետև 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մի խումբ անձինք՝ քարերով ու մուրճերով զինված հարձակվել է եկեղեցու վրա, կոտրել պատուհանները, վնասել դուռը»:
Հայ պատգամավորը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տարիներ շարունակ այս եկեղեցին հարձակման թիրախ է, հարցադրում է արել նախարարին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, և արդյոք վերջին դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսվել է թե ոչ:
Փայլանը նաև հարցրել է, թե առհասարակ Թուրքիայում քրիստոնյաների դեմ ատելության հողի վրա իրականացված, օր օրի ավելացող հանցագործությունները կանխելու համար ինչ քայլեր են իրականացվում. արդյոք քրիստոնեական կառույցների վրա նմանատիպ հարձակումներ իրականցնողները կպատժվեն թե ոչ:
Սույն թվականի մարտի 6-ին Տրապիզոնի Քեմերքայա թաղամասում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում էր տեղի ունեցել: Միջին տարիքի մի տղամարդ կրակ էր բացել եկեղեցու ուղղությամբ և փախուստի դիմել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին