Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի ու Ռուսաստանի ընտրությունները
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները չեն դիտարկելու ու դիտորդական առաքելություն չեն ուղարկելու Ադրբեջանում ու Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարություն են տարածել Եվրոպական խորհրդարանի Ժողովրդավարության աջակցման ու ընտրությունների համակարգման խմբի համանախագահներ ՄքԱլիստերն ու ՄքԱվանը:
«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկի այս ընտրական գործընթացները և, հետևաբար, հետագայում նաև չի մեկնաբանի ընտրական գործընթացն ու արդյունքները: Եվրոպական խորհրդարանի ոչ մի անդամ մանդատ չունի դիտարկելու կամ մեկնաբանելու այս ընտրական գործընթացները Եվրոպական խորհրդարանի անունից»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ եթե խորհրդարանի որևէ պատգամավոր որոշի դիտարկել ընտրությունները սեփական նախաձեռնությամբ, ապա նա իրավունք չունի հայտարարություն կամ գործողություն կատարել Եվրոպական խորհրդարանի անունից:
Ռուսաստանի պաշտոնական կազմակերպությունների առաջարկությունը՝ ծածկել որոշ միջազգային դիտորդների ճանապարհային ու կեցության ծախսերը դեմ է ընտրությունների դիտարկման էթիկային:
Ադրբեջանի հետ կապված նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը կընդունի այս ամռանը:
«Միայն այս զեկույցը կարող է արտահայտել հարցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կլինեն մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին: