Չմոռանանք, որ Լևոնը պարտությունից հետո ավելի լավ է սկսում խաղալ. մարզիչ
«Այս մրցաշարն իր կարևորությամբ երևի թե զիջում է միայն Աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարին: այստեղ լավագույններից լավագույն շախմատիստներ են մասնակցում մրցաշարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանն՝ ամփոփելով Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող հավակնորդների մրցաշարի առաջին երեք տուրերի արդյունքները:
Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակից Լևոն Արոնյանն այդքան էլ հաջող չի մեկնարկել. «Առաջին երկու խաղերն ավարտվել են ոչ ոքի, սակայն երեկ ցավալի պարտություն կրեց: Կարծում եմ՝ սա դեռ սկիզբն է և հեռուն գնացող հետևություններ դեռ պետք չէ անել, քանի որ դեռ 11 տուր կա»:
Շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը մեկնաբանելով Արոնյանի առաջին երկու խաղն ասաց. «Շատ սուր պայքար էր ընթանում: Անսպասելի էր ինձ համար ոչ ոքին: Բայց առաջին խաղն էր, ամեն ինչ առջևում է»:
Ինչ վերաբերում է երեկվա պարտությանը, մարզիչի կարծիքով, այդտեղ ավելի շատ հոգեբանական սխալ կար:
Գրոսմայստեր, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյան ևս ընդգծեց, որ պայքարը սուր էր:
Հարցին, թե ինչպես է գնահատում մրցաշարում հաղթելու Արոնյանի հնարավորությունը, մարզիչն ասաց. «Շատ մեծ եմ գնահատում հավանականությունը հաղթելու: Երկար մրցաշար է, ոնց էլ լինի, առանց պարտվելու անհնար է, դրա համար սկզբում պարտություն ունենալն ավելի լավ է, քան վերջում: Չմոռանանք, որ Լևոնը պարտությունից հետո ավելի լավ է սկսում խաղալ: Համոզված եմ, որ ամեն ինչ կկարգավորվի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Կրամնիկին
- Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ
- Նախագահը Բեռլինում կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը
- Շախմատի հավակնորդների մրցաշար. Բուքմեյքերները հավատում են Լևոն Արոնյանին