ՀՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի և Չեխիայի նախագահները
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:
Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։
Հայաստանը կարևոր գործընկեր է նաև բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։
Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին