Թյուրընկալում այն հարցում, թե որ դեպքում է արբիտրաժը հարմար, որ դեպքում՝ ոչ հարմար գործիք. Արամ Օրբելյան
Հայաստանում արբիտրաժային դատարանների մասին իրազեկվածության պակաս կա, ուստի քայլեր են արվում՝ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Panorama.am-ի հետ զրույցում արբիտր, ՀՀ արբիտրների միության նախագահ Արամ Օրբելյանը նշեց, որ բավական շատ արբիտրաժային կենտրոններ կան, որոնց մի մասը շատ գործ ունեն, մի մասը՝ ավելի քիչ, դրանց մի մասը մասնագիտացված է, մի մասն՝ ավելի ընդհանուր: Երևանում մարտի 13-ին կազմակերպված սեմինարը արբիտրաժների մասին իրազեկվածությունը բարձրացնելուն միտված առաջին քայլերից էր:
«Մենք նախորդ ամբողջ 1–1,5 տարվա ընթացքում տարբեր միջոցառումների, քննարկումների արդյունքում հասկացանք, որ կա արբիտրաժի և արբիտրաժային կենտրոնների մասին ընդհանուր գիտելիքների պակաս: Ըստ էության՝ առաջին միջոցառումը որոշեցինք անել առավելապես ներկայացնելու ուղղությամբ, նախ՝ թե ինչ կա, որովհետև բավական մեծ քանակությամբ կենտրոններ ունենք, որոնց մասին մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն»,- ասաց նա:
Օրբելյանը նշեց, որ կարևոր է նաև արբիտրաժի դերի գիտակցումը: Նա ասաց, որ քննարկումների արդյունքում հասկացել են՝ կա թյուրընկալում այն հարցում, թե որ դեպքում է արբիտրաժը հարմար, որ դեպքում՝ ոչ հարմար գործիք:
Օրբելյանի գնահատմամբ՝ սխալ ընկալում է, որ արբիտրաժը միշտ հարմար գործիք է, այն ունի իր դրական և համեմատաբար ավելի բացասական կողմերը՝ կախված կոնկրետ դեպքից: «Եթե մենք շատ փոքր գործով փորձենք արբիտրաժ իրականացնել, այն բավական թանկ կդառնա, եթե, իհարկե, դա հատուկ մշակված մասսայական արբիտրաժի մաս չի կազմում: Շատ մեծ գործերի դեպքում այն իր պլյուսներն ու մինուսներն ունի, ուստի ցանկալի է, որ մարդկանց մոտ պարզ գիտելիքներ լինեն՝ որ դեպքում է անհրաժեշտ ակնկալել արբիտրաժի դրական արդյունքներ, որ դեպքում պետք չէ փորձել արբիտրաժի գնալ»,- ասաց նա:
Երկրորդ խնդիրն, ըստ Օրբելյանի, վստահության պակասն է. երբ փաստաբանն իր վստահորդին ասում է՝ պետք է գնալ արբիտրաժային դատարան, վստահորդի մոտ կա թյուրընկալում, թերահավատություն, քանի որ դեռևս չգիտե՝ դա ինչ է: Հարցին՝ արբիտրաժային դատարանին չդիմելու պատճառը վստահության պակասն է, թե իրազեկված չլինելը՝ նա պատասխանեց. «Վստահության պակասը, որի պատճառը գիտելիքի և իրազեկության պակասն է, այսինքն՝ մի բանի, ինչի մասին մենք չգիտենք, միշտ թերահավատորեն ենք վերաբերվում»:
Վերջինիս գնահատմամբ՝ արբիտրաժային դատարանների շնորհիվ կա շատ մեծ պոտենցիալ դատարանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն բեռնաթափելու: Նա նշեց՝ դատարանները էապես կբեռնաթափվեն, եթե խոսքը բարդ գործերը, խառը մասնագիտական, տեխնիկական գործերը դատարանից հանելու մասին է, դատարանն այդ դեպքում կենտրոնանա այն գործերի վրա, որոնք արբիտրաժի ենթակա չեն:
«Երբ քննվում են ընտանեկան վեճեր, անհատների հետ կապված վեճեր, որտեղ կողմերը մասնագիտացված չեն, այսինքն՝ վեճը առևտրային վեճի բնույթ չունի ըստ օրենքի, դրանցով դատարանները ավելի հստակ իրականացնում են իրենց արդարադատության ֆունկցիան: Երբ առևտրային վեճեր են, և կողմերը համաձայնում են, ցանկանում են, որ վեճը ուծվի երրորդ մասնավոր անձի կողմից, ըստ էության այդ վեճը նույնպես լուծվում է, և ճնշումը դատարանների վրա դուրս է գալիս այդ մասով»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ այն գործերը, որոնք արբիտրաժի լուծման համար շատ հարմար են, իրենց բնույթով շատ ու տեխնիկապես շատ բարդ են: Այդ գործերը, սակայն, ժամանակատար են՝ ոչ միայն զուտ քանակի առումով՝ ֆիզիկական, այլև ամեն մի գործի կշռի առումով:
Թվային տվյալներին անդրադառնալիս՝ Օրբելյանը նշեց, որ եթե Ֆինանսական ոլորտում կարելի է խոսել 2-3 հազար գործի մասին, ապա այլ ոլորտներում դեռևս էապես քիչ է գործերի քանակը, դրանք կարելի է մատների վրա հաշվել: «Մենք ակնկալիք ունենք, որ դրանք պետք է ավելանան հենց այս գիտելիքների ու իրազեկվածության ավելացման արդյունքում, պլանավորում ենք նմանատիպ միջոցառումները շարունակել, ավելացնել վստահությունը, իրազեկվածությունը, ինչը կբերի հետագա քանակի ավելացմանը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում