Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել ռազմական սցենարներին. Թևան Պողոսյան
«Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ՌԴ-ից նոր զինատեսակ է ստանում, ինչ-որ ժամանակ հետո զորավարժություններ է անցկացնում: Այլ հարց է զորավարժությունների անցկացման ժամանակահատվածը: Իսկ առաջիկայում Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, և Ալիևը պետք է ինչ-որ բաներ ցույց տա, «թիթիզանա»: Այդ ինչ-որ բանն էլ հենց զորավարժությունների անցկացումն է»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ վարժանքներն անցկացվում են խախտումներով՝ առանց ԵԱՀԿ անդամ երկրներին նախօրոք զգուշացնելու:
«Կանխատեսելի էր, որ նմանատիպ մի իրավիճակ պետք է ստեղծվեր: Մենք պետք է կարողանանք կանխատեսել և հաշվարկել Ադրբեջանի քայլերը՝ հասկանալու ինչպես պետք է հետագայում պաշտպանվենք զորավարժությունների ընթացքում նրա կողմից օգտագործված զինատեսակներից: Մյուս կողմից Հայաստանը միգուցե պետք է բաց տեքստով հայտարարի, որ առաջին աստիճանի պատրաստության վիճակի է բերում իր զորքերը, քանի որ վստահություն չկա, որ Ադրբեջանը չթույլատրված գործողություններ չի սկսի»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, զարմանքի տեղիք չի տալիս:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին, Թևան Պողոսյանը նշեց՝ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի այսօրինակ գործողությունների պատճառով Ադրբեջանում խառնաշփոթ սկսվի: Մասնավորապես, Բակո Սահակյանի՝ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պետք է այդ մասին մամուլում այնքան գրել, որ «խեղճ» Ադրբեջանը չիմանա՝ ինչ անի, խառնվի իրար. «Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել ռազմական սցենարներին և անել ամեն բան, որ այդ մտքերը խափանվեն: Մենք պետք է փոխենք խաղի կանոնները»:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա, Պողոսյանի համոզմամբ, կարող է անգամ հարյուր հանդիպում լինել, այլ խոսք է՝ որքան արդյունավետ:
Հիշեցնենք, որ հինգ օր տևող զորավարժությունների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում՝ նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: Հնգօրյա զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառելու է նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ
- «Ժամանակ». Բակո Սահակյանը կմեկնի ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին