Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար:
«Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ և արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև բիզնես շփումները», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր Հայաստանում շատ հետաքրքիր և ակտիվ բարեփոխումների փուլ է: Բարեփոխուներն իրագործվում են բացարձակապես բոլոր ասպարեզներում՝ կառավարում, մաքսային, հարկային ոլորտ, կրթություն, առողջապահություն, արտահանման խթանում, վարկային ծրագրերի իրականացում՝ սուբսիդավորված վարկերի տրամադրմամբ, դատական, սնանկացման ոլորտ, առողջապահության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն:
Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարների համար առկա հնարավորությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետև տնտեսական աճը լավ է: Հայաստանում ո՞ր ոլորտներում կարելի է ներդրումներ անել: Մենք շատ ունիկալ երկիր ենք այն առումով, որ մեր հարթակի վրա կարողացել ենք համատեղել շատ դեպքերում թվացող անհամատեղելին: Ի՞նչը նկատի ունեմ՝ 3 մլն բնակչություն, ոչ շատ մեծ երկիր, բայց մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ և ունենք արտոնյալ առևտրային ռեժիմներ մտնելու 180 մլն ընդհանուր բնակչությամբ երկրներ, որոնց չափերը պատկերացնում եք՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և ունենք GSP+ ռեժիմ: Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա: Մենք ունենք GSP ռեժիմ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, բազմաթիվ երկրների հետ ստորագրել ենք կրկնակի հարկման մասին համաձայնագրեր, և մենք Իրանի հետ սահմանին ձևավորել ենք ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն է տալիս արտոնյալ մուտք գործել 82,5 մլն բնակչությամբ իրանական շուկա: Այսպիսով, Հայաստանում հնարավոր է բիզնես ձևավորել և մուտք գործել շատ մեծ շուկաներ, որոնց բնակչությունը 1 մլրդից ավելի է»:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել գործարարների համար՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որի նպատակը ոչ թե դաշտի կանոնակարգումն է, քանի որ այն արդեն կանոնակարգված և տարբեր օրենքներով պաշտպանված էր, այլ բոլոր պայմանների մեկտեղումը մի փաստաթղթում, որում Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը: «Մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովում կհաստատենք պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը: Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձևաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ և, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ և ավելի քան 18 տոկոս աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր», - ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը նկատել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին, Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի վրա. «Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք, իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան և բիզնես հիմնել, ի դեմս կառավարության և այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ և տրամաբանական»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև «Հայկական անկյուն»-ում Հայաստանից ներկայացված արտադրատեսականուն:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում. Սաադ Հարիրի
- ՀՀ վարչապետը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը
- Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
- Հայաստանի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
- Այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով. Կարեն Կարապետյան