Էրդողան. «Հույս ունեմ, որ մինչև այսօր երեկո Աֆրինը կընկնի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահական նստավայրում այսօր տեղի ունեցած Գյուղապետերի 46-րդ համաժողովում հայտարարել է, որ մինչև երեկո երկրի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում իրենց վերահսկողության տակ կվերցնեն Աֆրին շրջանի համանուն քաղաքը։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
«Ցանկացա տեսնել վերջին տվյալները, թե որքան ահաբեկիչ է սպանվել Աֆրինում, և պարզվեց՝ վնասազերծվել է 3444 ահաբեկիչ: Մենք մի քիչ էլ մոտեցանք Աֆրինին: Հույս ունեմ՝ մինչև երեկո Աֆրինը ամբողջությամբ կընկնի», -ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք կանգ չեն առնի և քուրդ զինյալների դեմ գործողությունը կշարունակվի սիրիական Մանբիչում, Եփրատ գետի արևելյան ափում և Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում է քրդերի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Նրա խոսքերով՝ քրդական ուժերի դեմ գործողությունները կշարունակվեն մինչև թուրք-իրաքյան սահման։
Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերն Աֆրինում պաշարել են քրդերին
- Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պատրաստ են մտնել Աֆրինի կենտրոն
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Աֆրինում գործողության ավարտի ժամկետները
- Թուրքիան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել
- Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Աֆրինում մեկ օրում 58 զինյալ ոչնչացնելու մասին