«Ելք»-ը հակված չէ ռադիկալ քայլերի. Գևորգ Գորգիսյան
«Գործող Սահմանադրության պարագայում կարելի էր նորմալ, ժողովրդավարական և փոխզսպված մեխանիզմներով կառավարության կառուցվածք ձևավորել»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, նոր ձևավորվող կառավարության պարագայում որոշ կառույցներ մնում են գործադիրի ենթակայության տակ, սակայն կարևորագույն ուժային կառույցներն անմիջականորեն ենթարկվում են վարչապետին։
«Եվրոպական շատ երկրներում ուժային կառույցները հենց նախարարություններ են, որպեսզի կարողանան հաշվետու լինել, և նրանց գործողությունները փոխզսպվեն խորհրդարանի կողմից։ Այս իրավիճակում սուպերնախագահականի փոխարեն մենք ունենում ենք էլ ավելի հզոր սուպերվարչապետական համակարգ»,- ասաց պատգամավորը։
Գևորգ Գորգիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանագամանքի վրա, որ կառավարման նոր համակարգի պայմաններում վարչապետի գործողությունները չեն զսպվում, լիազորություններն այլ ուժերի կողմից չեն հավասարակշռվում։
«Եթե վարչապետը որևէ հանցանք գործի, չկա որևէ կառույց, որը պետք է այդ ամենը բացահայտի։ Դրան գումարած՝ նախարարների նկատմամբ գրաքննություն և խոսքի սահմանափակում է դրվում, մասնավորապես, արգելվում են կառավարության գծից տարբերվող հրապարակային ելույթներ։ Սա բացարձակ հակաժողովրդավարական նորմ է։ Այս ամենը մի միտում ունի՝ երկիրը տանելու տոտալիտար կառավարման։ Սրա դեմ պետք է պայքարել»,- նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը։
Անդրադառնալով «Ելք»-ում առկա տարաձայնություններին՝ բանախաոսը նկատեց՝ իրենց մոտեցումը հետևյալն է. միշտ այլընտրանքներ ներկայացնել՝ ցույց տալու, որ կարող են փոխարինել գործող իշխանություններին:
«Նախնական տրամադրվածությունները հենց եղել են այդպիսին, որ պիտի ներկայացնենք վարչապետի թեկնածու՝ երկրի առաջիկա զարգացման ծրագրով: Այս կոնցեպտը դեռ պահպանվում է, բայց դեռ մանրամասների քննարկման չենք անցել: Հիմա քննարկման սեղանին է ճանապարհային քարտեզ կոչվածը, բայց հստակ պետք է հասկանանք դա «Ելք»-ի ճանապարհային քարտեզը չէ: Նա ունի գրեթե նույն թերությունները, որոնց մասին արդեն խոսվել է, և նախկին ընդդիմություններն այդ թերությունները թույլ են տվել»,-ընդգծեց պատգամավորը։
Նա նաև նկատեց, որ որևէ ռադիկալ քայլի իրենք հակված, նման բան իրենց պլաններում չկա: «Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»,- ամփոփեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան