Հայ-լիբանանյան հարաբերություններն առավել կակտիվանան հատկապես Լիբանանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո. Փորձագետ
«Եթե Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ փետրվարի վերջերին կայացած այցը Հայաստան հերթական անգամ ամրագրեց հայ-լիբանանյան քաղաքական հարաբերությունների բավական բարձր մակարդակն, ապա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան կրկին անգամ ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա և չիրացված ներուժը, որի առարկայացման համար ստեղծված են բավական բարենպաստ պայմաններ». Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության Լիբանան կատարած այցի նշանակությունը:
Փորձագետի կարծիքով. «Վերոնշյալ բարձր մակարդակի փոխայցելությունները, կարծես, փոխլրացնում են մեկը մյուսին՝ մի կողմից հերթական անգամ ամրագրելով երկկողմանի հարաբերությունների պատմական, քաղաքական բաղադրիչներում արձանագրված հաջողությունները, մյուս կողմից՝ ընդգծելով տնտեսական օրակարգում եղած մեծ բացը, բայց այն լցնելու փոխադարձ շատ մեծ պատրաստակամությամբ:
Հատկանշական է, որ տեղի ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում ՀՀ պատվիրակության անդամների կողմից հանգամանորեն ներկայացվեց տնտեսական այն բարենպաստ միջավայրը, որ առկա է Հայաստանում և այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են վերջին տարիներին Երևանի վարած արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության շնորհիվ»:
Փորձագետը հավելեց նաև. «Չափազանց կարևոր է՝ որ չնայած այցի ընդգծված տնտեսական բնույթին, այսուհանդերձ հնարավորինս հիշատակվեց Հայաստանի և Լիբանանի միջև հաստատված հարաբերությունների՝ հազարամյակների փորձառություն ունենալու հանգամանքը, Մերձավորարևելյան այդ երկրի և նրա բնակչության վերաբերմունքը ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին ապաստան տալու և նրանց հետագա կազմակերպմանն աջակցելու իրողությունը և, իհարկե, լիբանանահայ համայնքի դերակատարության կարևորությունը ինչպես Լիբանանի ներքին կյանքի բոլոր բնագավառներում, այնպես էլ հայրենիքի հետ կապերի տեսակունից և ամբողջ Սփյուռքի համար»:
Անդրադառնալով այցի արդյունքներին՝ Պետրոսյանը մեկնաբանեց. «Ինչ խոսք, առարկայական արդյունքներ ակնկալելու առումով անհարժեշտ է ամենօրյա քրտնաջան և նպատակաուղղված աշխատանք՝ հաշվի առնելով բավական բարդ, բայց նաև, որոշակի առումով, «ստարտային» իրավիճակը, որն առկա է հատկապես Լիբանանում և ընդհանրապես մերձավորարևելյան տարածաշրջանում:
Բանն այն է, որ անցած 7-8 տարիների ընթացքում տարածաշրջանին պատուհասած տարաբնույթ հիմնախնդիրները, համընդհանուր սպառնալիքներն իրենց ազդեցությունն են թողել նաև Լիբանանի վրա՝ տևական ժամանակ հանգեցնելով ներքաղաքական ճգնաժամի և էականորեն սրելով անվտանգային, տնտեսական, մարդասիրական իրավիճակը երկրի ներսում:
Ինչ խոսք, բավական ուրախալի է, որ 2016 թ. վերջից սկսած լիբանանյան քաղաքական ուժերն ու հասարակությունն աստիճանաբար փորձում են թոթափել նշված խնդիրները, և այս բարդ, որոշակի առումով նաև անցումային շրջանի ավարտը կարող է լինել ընթացիկ տարվա մայիս ամսին նախանշված խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում, Լիբանանում նոր կառավարության ձևավորումից և նրա լիարժեք գործունեությունից հետո արդեն շատ ավելի լայն, առարկայական դաշտ կբացվի համագործակցության և բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար:
Կարևոր է հատկապես, որ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպումներ ունեցավ նաև լիբանանյան գործարար շրջանակների հետ, որոնք ևս բավական բարդ և խնդրահարույց շրջափուլից հետո երկրի ներաղաքական կյանքի կայունացման ֆոնին իրնեց գործունեությունը խթանելու խնդրի առջև են կանգնած»:
«Հետևաբար հայկակական կողմի ներկայացրած առաջարկները՝ ոլորտ-առ-ոլորտ՝ բանկային, զբոսաշրջիկության, գյուղատնտեսության բնագավառներից մինչև նաև արտաքին շուկա դուրս գալու նպատակով համատեղ ձեռնարկությունների կազմավորումը կարող են կիրառելի դառնալ, մանավանդ, երբ երկու երկրների կառավարությունների միջև պայմանավորվածություն կա՝ հայ-լիբանանյան համատեղ ներդրումային հիմնադրամ ձևավորելու վերաբերյալ»,- նշեց Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Պետրոսյան. Դժվար չէ կռահել, որ Չավուշօղլուի հայտարարությունն անուղղակի մեսիջ էր Նիդերլանդների Թագավորությանը
- Հայաստան-Կատար հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական նշանակություն չունեն. Արմեն Պետրոսյան
- Արմեն Պետրոսյանը գնահատում է հակաահաբեկչական գործընթացներին ՀՀ ներգրավվածության հնարավորությունները
- Կարևոր է, որ 2017-ից մեծ ակնկալիք ունի նաև սիրիացի ժողովուրդը. Արմեն Պետրոսյան
- Արմեն Պետրոսյանը վերլուծում է՝ ինչ սպասել ու ինչ չսպասել Իսրայել-Ադրբեջան զույգից
- Արմեն Պետրոսյան. Ներկայիս Թուրքիան սրբագրում է իր իրավանախորդի ցեղասպանական գործողությունները
- «Արևմտյան և եվրոպական պետությունները քաղում են իրենց անդեմ քաղաքականության պտուղները». Արմեն Պետրոսյան
- Արմեն Պետրոսյան. ԻՊ-ի գործունեությունը Մերձավոր Արևելքում կարևոր գործոն և ազդեցության լրջագույն լծակ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում