Նալբանդյանը Շվեդիայում ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը
Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինի և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահը բարձր են գնահատել Հայաստանի և Շվեդիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հաստատված գործընկերային կապերը, պարբերական փոխայցելությունները։
Հանդիպանը կարևորվել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում պետության կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում հայ-շվեդական համագործակցության սերտացման շուրջ։
Հանդիպմանը արծարծվել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Այդ համատեքստում երկուստեք արժևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, տաբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցությունը:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանը Ուրբան Ահլինին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: