Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հանրահայտ դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին:
Դին Քեյնը, որը մարտի 5-ին Երևանում առաջին անգամ ցուցադրված «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ, «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա Մքքենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման նկարահանումներին:
Մարտի 14-ին լույս տեսած և պարբերականի առաջին էջում գովազդված հոդվածում Դին Քեյնը նշել է, որ թեև չի կարող օտար երկրին թելադրել, թե ինչ անել, նա, այնուամենայնիվ, լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա «պատմական փաստ է»: Նա նաև ասել է. «Ես հասկանում եմ ԱՄՆ-ի քաղաքական նախապայմանները. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր ունենք: Պատմություն կամ ցեղասպանություն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար միանգամայն պարզ է, որ ցեղասպանությունը եղել է: Այն այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի գործել… Բայց դա սարսափելի էր, իր անունով կոչեք եղելությունը», - ասել է Քեյնը:
Այս այցի ընթացքում Դին Քեյնը նաև կայցելի Իսրայելի իշխանության բարձրագույն մարմին՝ Քնեսեթ։
Դին Քեյնը (Ռոջեր Թանակա) ծնվել է 1966 թ., մեծացել է Լոս Անջելեսում, ռեժիսոր Քրիստոֆեր Քեյնի ընտանիքում: Ավագ դպրոցում ամերիկյան ֆուտբոլի աստղ է եղել, խաղացել է իր ալմա մատերի, Փրինսթոնի համալսարանի թիմում: 1988-ին բակալավրի աստիճան է ստացել՝ որպես պատմաբան: Քեյը առավել հայտնի է որպես «Լուիս և Քլարկ. Սուպերմենի նոր արկածները» 1993-97թթ հռուստասերիալի գլխավոր դերակատար: Նա հանդես է գալիս նաև որպես սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Նա ակտիվ նկարահանվող դերասան է (The Incantation, Lady Dynamite, The Perfect Husband: The Laci Peterson Story, Criminal Minds, Entourage, CSI: Miami, Law and Order): Նա նաև Fox and Family հաղորդավարներից է և Today Show-ի աստղը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին և մեկ տարվա ընթացքում ցուցադրվել աշխարհի տարբեր ծայրերում, ավելի քան 100 վայրում, այդ թվում կինոթատրոններում, ուսումնական հաստատություններում, և այլն: Ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: