Հայաստանում կստեղծվի Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ
Լիբանանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ամփոփելով Լիբանան կատարած պաշտոնական այցի արդյունքները:
Նրա խոսքով՝ այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու ուղղությամբ, բացի այդ հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ հայ-լիբանանական միջկառավարական համատեղ հանձաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ:
Վարչապետը նաև ասաց՝ պետք է հստակ ձևակերպել այն բիզնեսմենների այցերի ժամանակացույցը, որոնց հետ Հայաստան այցելելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել։