Ավիացիայի ոլորտում ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու. Սերգեյ Ավետիսյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշումը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ ներկայումս ՀՀ օդային տարածքում և օդանավակայաններում աերոնավիգացիոն սպասարկումն իրականացվում է չորս ծառայությունների՝ Oդային երթևեկության կազմակերպում (ATM, Air Traffic Management), Կապ Նավիգացիա Դիտարկում, Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն, Մետեո սպասարկում միջոցով: Առաջին երեքը, ըստ նրա, սպասարկումները իրականացնում են «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից, չորրորդը՝ «Զվարթնոց օդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից:
«Աերոնավիգացիոն սպասարկման շրջանակներում թռիչքների ապահովմանն ուղղված բոլոր տիպի տեղեկատվությունը, այդ թվում օդարևութաբանական տվյալների տրամադրումն օդանավերի թռիչքային անձնակազմերին անմիջականորեն իրականացվում է «Հայաէրոնավիգացիա» ընկերության կողմից, ուստի վերջինս ավիաընկերությունների կողմից ճանաչվում է որպես աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող և դրա համար պատասխանատու կողմ: Սակայն իրավաբանական տեսանկյունից ավիաընկերություններն աերոնավիգացիոն սպասարկումներ ստանալու և դրանց դիմաց համապատասխան վճարներ կատարելու համար պայմանագրեր են կնքում երկու տարբեր իրավաբանական անձանց հետ, որոնք միաժամանակ հանդիսանում են 100% պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ: Այսինքն՝ վճարում են լրացուցիչ գումար, որը կազմում է 30 հազար դրամ»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Այս նախագծի ընդունմամբ, ինչպես նշեց Քաղավիացիայի պետը, մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձևավորի դրական և կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ: Արդյունքում օդերևութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ, պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաև ՀՀ փոքր ավիացիայի շրջանակում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը:
Կառավարության նիստից հետո էլ լրագրողների հետ զրույցում Քաղավիացիայի վարչության պետը նշեց, որ ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու, խնայողությունն էլ այն է լինելու, որ օդերևութաբանական ծառայությունների համար վարձավճարը՝ 30 հազար դրամը, վերանալու է. «Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում, որ արվում է ավիացիայի ոլորտում, կազդի տոմսի գնի վրա»։
Սերգեյ Ավետիսյանն անդրադարձավ նաև այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններից մեկը մուտք է գործելու հայկական ավիացիոն շուկա. «Ճիշտ է, որ ռուսական ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա: Ուրախալի է այն, որ նոր ավիաընկերությունների մուտքը Հայաստան շարունակվում է: Այստեղ մենաշնորհի մասին խոսելն անիմաստ է ու ճիշտ չէ: Նոր ավիաընկերությունն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, ինչը դրական է անդրադառնալու մրցակցության վրա»:
Հարցին, թե, այդուհանդերձ, դեպի Ռուսաստան տոմսերը թանկ են, Սերգեյ Ավետիսյանը չհամաձայնեց. «Տնտեսագիտության բազային կանոններն ասում են, որ ավելացող մրցակցությունը դրականորեն է ազդում գների վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում