Տարեկան 2000 օրթեզ է պատրաստվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար
«Օրթեզ» օրթեզավորման կենտրոնում տարեկան մոտ 2000 օրթեզ է պատրաստվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Օրթեզ» օրթեզավորման կենտրոնի տնօրեն Արա Թեքգյոզյանը: Նա նշեց, որ 4 տարի առաջ Ճապոնիայի կառավարության հետ համատեղ պայմանագիր են ստորագրել օրթեզավորման կենտրոնի տեխնիկական օգնության վերաբերյալ:
«Դրանք հատուկ հաստոցներ են, գործիքներ, որոնց միջոցով պատրաստվում են օրթեզներ: Այդ հատուկ մասնագիտական գործիքները շատ թանկ արժեն, և առանց Ճապոնիայի կառավարության օգնության՝ մեր վճարման համակարգում և տարբեր համակարգերով հնարավոր չէ գնել»,- ասաց նա:
Թեքգյոզյանը նշեց, որ Ճապոնիայի կառավարությունից իրենց մոտավորապես 120 հազար եվրոյի շրջանակներում նյութական օգնություն է տրվել՝ գործիքների ու սարքավորումների տեսքով: Դրանց միջոցով տարեկան մոտ 2000 օրթեզ է պատրաստվում, որոնք առանց այդ սարքավորումների անհնար է պատրաստել:
«2000-ը բազմապատկեք տարիների թվով՝ 4-ով, տեսեք՝ քանի օրթեզ է պատրաստվել հաշմանդամություն ունեցող երեխաների և հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, դա հսկայական օգնություն է»,- ասաց նա: