Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին. վարչապետ
«Կարծում եմ, որ ժամանակակից կառավարման գործում թվայնացումը բոլոր ոլորտներին վերաբերող ամենաակտուալ թեմաներից է»,- այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանն իր ելույթում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Յուրաքանչյուր հանրապետական գործադիր մարմին ըստ ոլորտի պետք է կարևորի թվային գործիքների ներդրումը՝ հաշվի առնելով դրանց մի շարք առավելությունները: Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում ևս անհրաժեշտ է առաջադրել թվային լուծումներ: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորովում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնած միջոցառումները, ինչպես, օրինակ, պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը և այլն», - կառավարության հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ՝ ասել է Կարեն Կարապետյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ առանց միմյանց հետ համագործակցելու, խնդիրների մասին բարձրաձայնելու, երբեմն նաև քննադատելու հնարավոր չէ հարցերին լուծում տալ:
«Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին, և այս առումով մեծ է հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունն ու ակտիվությունը: Այդ տեսանկյունից սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակներում իրականացվող գործողություններն ամբողջությամբ ուղղված են հենց այդ նպատակի իրագործմանը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումն «Անվտանգ սնունդ, թվային լուծումներ» կարգախոսին համապատասխան կներկայացվեն սննդի անվտանգության ոլորտի թվայնացմանն ուղղված առաջարկություններ և գործուն լուծումներ», - ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է վերջին շրջանում սննդի անվտանգության ոլորտում իրականացված աշխատանքները:
«Հստակ հասկանում ենք ուր պետք է գնանք և ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այստեղ, իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մեր սպառողն իր իրավունքների մասին իրազեկված լինի և ունենա ակտիվ դիրքորոշում», - նշել է գործադիրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում