ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է ԱՄՆ Կոնգրես:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Այնուհետև՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:
Իր խոսքում Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաև մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:
«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում կարևորում են ամերիկացիների սատարումն Արցախին, և այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, մեր բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:
Նախագահն արժևորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Նախագահն Արցախի Հանրապետության պետական պարգևներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների և սենատորների՝ Արցախին սատարելու և Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար: