Չափազանց կարևոր ճշգրտում է մտցվել ԸՕ նախագծում. Կոստանյան
«Այս սահմանափակումները, որոնք արդեն կիրառելի են՝ ուսուցիչների, բուժաշխատողների համար չափազանց կարևոր նորություն են, որոնք նախկինում չեն եղել»,- այս մասին այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Կոստանյանը մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված, որ նախընտրական քարոզչությանը ուսուցիչներին, բուժաշխատողներին նախագծով որոշակի սահմանափակման մեջ են դիտարկում, իսկ դատախազ, դատավոր, ոստիկան, բացարձակ արգելքի դաշտ են մտցրել:
«Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում: Այո, միշտ հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մե՞ջ է, թե՞ դրանից հետո: Հիմա ավելացվել է չափազանց կարևոր ճշգրտում՝ ի պաշտոնե հանդես գալիս, այսինքն՝ ուսուցչին, բուժաշխատողին արգելվում է քարոզչություն իրականացնել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածում, այլև անգամ դրանից դուրս՝ ի պաշտոնե քարոզչությամբ հանդես գալ»,- ասաց նա:
Կոստանյանը շեշտեց, եթե ուսուցիչը կամ տնօրենը դպրոցից դուրս զանգում է որևէ ծնողի, ասում արի հանդիպենք, դա արդեն արգելվում է, դա արդեն մեխանիկորեն ի պաշտոնե հանդես գալու դրսևորում է, ինչը մեխանիկորեն հանգեցնում է իրավախախտման։
Դիմելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, Կոստանյանն ասաց, որ նրա մտահոգությունը բացարձակ փարատված է:
Պատգամավորն արձագանքեց, թե գուցե տնօրենը զանգում է ծնողին ու ժամադրում՝ որպես քաղաքացի:
«Եթե որպես քաղաքացի ժամադրի, կուզեք կգնաք, չեք ուզի, չեք գնա: Ցանկացած դեպքում, իրավունք ունեք, եթե գտնում եք, որ տնօրենը զանգեց, ի պաշտոնե հանդես եկավ, կարող եք չգնալ և բողոքեք: Իսկ եթե տնօրենին ընկալում եք հարազատ անձ, ձեր սուբյեկտիվ որոշելիքն է»,- նկատեց Կոստանյանը:
Նախագիծն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ և քննարկվի առաջին ընթերցմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ի վերջո քարոզչություն իրականացնելու հետ կապված խնդիրը լուծում չի ստանալու. Գևորգ Պետրոսյան
- Նախագծով հստակ սահմանափակվում է վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզչության ժամանակ. փոխնախարար
- Ուսուցիչները չպետք է քարոզչությամբ զբաղվեն ոչ աշխատանքի ժամին, ոչ դրանից դուրս. Զեյնալյան
- Էապես փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան