Ի վերջո քարոզչություն իրականացնելու հետ կապված խնդիրը լուծում չի ստանալու. Գևորգ Պետրոսյան
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց. «Ի՞նչ անհրաժեշտություն կա նման փոփոխության, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում մանկավարժների, բուժաշխատողների և մի շարք այլ ոլորտների աշխատողների կողմից քարոզչությամբ զբաղվելու դեպքում։ Արդյո՞ք իրավական պրակտիկայում նման երևույթներ բացահայտվել են, թե՞ զուտ տեսական նախաձեռնություն է»։
Փոխնախարարը պատասխանեց, որ փաստերի առկայությունից ինքը տեղյակ չէ, բայց կան մտահոգություններ, որ նման փաստեր եղել են կամ հնարավոր է՝ լինեն. «Միջազգային դիտորդների կողմից են եղել նաև նման մտահոգություններ»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին վերահաստատեց իր այն մտահոգությունը, որ հանրային ծառայողներին՝ մասնավորապես մանկավարժներին ընդհանրապես պետք է արգելել նախընտրական քարոզչություն իրականացնել:
Պատգամավորի խոսքով՝ ի վերջո խնդիրը լուծում չի ստանալու. «Իմ մտավախությունն այն է, որ այս վիճակով ընդունվելու դեպքում դարձյալ մանկավարժները, նախադպրոցական հաստատությունների աշխատողները անխնա ձևով օգտագործվելու են ընտրական գործընթացներում՝ անունը դնելով, որ այդ մասնակցությունը դուրս էր նրանց աշխատաժամանակից: Ի՞նչն է խանգարում նրանց էլ զրկել քարոզչություն կատարելու իրավունքից»։
Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Խանգարում է այն, որ մենք դրանով կսահմանափակենք մարդու հիմնարար իրավունքները։ Նույն մանկավարժը, բուժհաստատության աշխատողը, եթե ի պաշտոնե զբաղվի քարոզչությամբ, ապա նրանց համար վարչական պատասխանատվություն է նախատեսված»։
Հարակից հրապարակումներ`
- Նախագծով հստակ սահմանափակվում է վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզչության ժամանակ. փոխնախարար
- Ուսուցիչները չպետք է քարոզչությամբ զբաղվեն ոչ աշխատանքի ժամին, ոչ դրանից դուրս. Զեյնալյան
- Էապես փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան