Անկախ Հայաստանի ապագա կառավարության կազմից երկրի իշխանությունների քաղաքական պատասխանատուն չի փոխվելու. Շարմազանով
«Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարվա ընթացքում»,-այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի գրանվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, որը լավագույն ցուցանիշն է Հայաստանի վերջին 9 տարվա պատմության մեջ: «Սա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միասնական կոալիցիոն կառավարության աշխատանքի արդյունքն է»,- նշեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ կառավարության լավ աշխատանքը նպաստի, որ Կարեն Կարապետյանը շարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել Հանրապետական կուսակցությունից և իր հանրապետական գործընկերներից, անթույլատրելի են, նպատակին չեն հասնելու: Վարչապետը մեր կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկն է, մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, մեր քաղաքական թիմի անդամ է և իրականացնում է մեր կուսակցության, Նախագահի միասնական քաղաքականությունը: Թե ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, այդ հարցը մենք չենք քննարկել: Սպասեք, օրը կգա, բարին էլ հետը: Բոլոր հարցերին կպատասխանենք»։
Շարմազանովը նշեց նաև, որ ապագա կառավարության ձևավորման հարցը դեռ չեն քննարկել։ «Մենք կներկայացնենք այնպիսի կառավարության կազմ, այնպիսի վարչապետի, որը ըստ մեզ ու հասարակության մեծամասնության, կարող են լավագույնս իրականացնել գործադիրին տրված լիազորությունները»,- ասաց նա և հավելեց. «Անկախ նրանից, թե Հայաստանի ապագա կառավարության կազմը ինչպիսին կլինի՝ երկրի իշխանությունների քաղաքական պատասխանատուն չի փոխվելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան