Որոշ տեղերում ինտերնետ չունենք, պետք է դա արագ ապահովել. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին:
Վարչապետը հայտնեց, որ կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ Առողջապահության նախարարության կողմից իրականացվում են Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքները, և այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին:
Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար, ինչպես նաև հանձնարարեց կատարված աշխատանքների վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն։
Կարեն Կարապետյանը նշեց, որ այս հանձնարարականը վերաբերում է նաև մարզպետներին. «Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, պետք է դա արագ ապահովենք, չեմ կարծում, որ այստեղ որևէ խնդիր կա: Դա է չէ՞ պրոբլեմը»։