«Հայ և ռուս պատգամավորները վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հայտարարությունների կարևորությունը»
ՀՀ Ազգային ժողովում մարտի 14-ին աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի և Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կարևորվել է երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Համատեղ հայտարարությունում անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացին, նախանշվել են միջազգային հարթակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով գլոբալ անվտանգությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին՝ կողմերը կարևորել են միջազգային խնդիրների կարգավորման հարցում ՄԱԿ-ի և այլ միջազգային ճանաչում ունեցող կառույցների առանցքային դերի ամրապնդումը՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, ինչպես նաև հարգելով այլ պետությունների շահերը:
Կողմերն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին՝ կողմերը հաստատել են ձգտումը շարունակելու փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և փոխընդունելի լուծում՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հնչեցրած համատեղ հայտարարություններում և 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարության դրույթներում: Կողմերը նաև ընդգծել են վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների լիարժեք պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչի մասին հնչեցվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, նաև 2017 թվականին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
Համատեղ հայտարարությունում կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտում առաջընթացի միտումներին, 2017 թվականի ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության աճին, Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ստորագրված հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովների հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2018 թ. երկրորդ կեսին, Մոսկվայում:
Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ և ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հայտարարությունների կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի և վարչապետի ընտրությունը Հայաստանի սուվերեն ընտրությունն է. Կոնստանտին Կոսաչով
- Կոնստանտին Կոսաչովը Երևանում խոսել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
- Բաբլոյանը և Կոսաչովը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության և փոխշահավետ համագործակցության դերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին