Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ Թուրքիային կոչ անելով դուրս բերել զորքերը Սիրիայից
Եվրոպական խորհրդարանը մարտի 15-ին բանաձև է ընդունել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում Թուրքիային կոչ է անում դուրս բերել իր զորքերը հյուսիսային Սիրիայից ու դադարեցնել «Ձիթենու ճյուղ» անունը ստացած ռազմական օպերացիան:
Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» օպերացիան քրդերի կողմից վերահսկվող Աֆրին շրջանում նոր հարթություն է ավելացրել Սիրիայի հակամարտությանը՝ ավելացնելով լրացուցիչ մարդասիրական մտահոգություններ, մեծ թվով քաղաքացիական զոհերի մասին է հաղորդվել ու հարյուրավոր քաղաքացիների կյանքն էլ վտանգված է:
«Մինչդեռ ԵՄ-ի անունից գերագույն հանձնակատարը հստակորեն բարձրաձայնել է այս մտահոգությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով դադարեցնել իր գործողությունները՝ ընդգծելով ՄԱԿ-ի կողմից թվարկված ահաբեկչական կազմակերպություններին հաղթահարելու անհրաժեշտության վրա»,-ասվում է բանաձևի տեքստում:
Հիշեցնենք, որ թուրքական զինվորականները մտան Աֆրին՝ քրդական YPG-ի դեմ պայքարելու համար, որին իրենք համարում են ահաբեկչական խումբ:
YPG-ին աջակցում էր նաև ԱՄՆ-ը՝ Սիրիայում իսլամական պետության դեմ պայքարելու համար: Սակայն Անկարան նշում է, որ YPG-ն կապված է Քրդական աշխատավորական կուսակցության կամ PKK-ի հետ, որը պայքարում է Թուրքիայում քրդերի համար առավել մեծ ինքնավարության համար արդեն 30 տարի:
Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները գնալով վատացան 2016թ.-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսեց հետապնդել հեղաշրջման փորձի կասկածյալներին ու արժանացավ ԵՄ քննադատությանը:
Թուրքիան արդեն իսկ պատասխանել է այս բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ այն ցույց է տալիս քրդական զինյալներին «հստակ աջակցություն»՝ ընդգծելով, որ Թուրքիան հետագայում ևս շարունակելու է պայքարել ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ: