Թուրքիայի ԱԳՆ. Ցյուրիխյան արձանագրություններն առավել շահավետ էին Հայաստանին, քան Թուրքիային
«Չնայած Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ չէին մտել, ընտրություններին ընդառաջ հայկական կողմի նման քայլը տհաճ էր»: Այս մասին Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յիլդիզը:
Ըստ աղբյուր, նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններն առավել ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային:
«Իրենց գործն է: Միևնույն է, այս տարիներին նրանք չէին ցանկանում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այդպիսով նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս իրենց դիրքորոշումը»,-ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց չեղարկել արձանագրությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:
«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի կողմից նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք և գործելու ենք միայն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի»:
Սերժ Սարգսյանը նաև նշել էր՝ եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ:
Հարակից հրապարակումներ`
- Հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել նախապայմանների լեզվով. ՀՅԴ գործիչ
- Հայաստանը ցույց տվեց՝ նախապայմանների լեզվով չի խոսում և չի հանդուրժի, որ իր հետ խոսեն. Կարեն Բեքարյան
- ՀՀ Նախագահ. Կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում` առանց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների
- Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին. «Երկիր Մեդիա»
- Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան