Ավետիք Իշխանյան. Հաց Բերողի կերպարը մեր հասարակության համար անհասկանալի է
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համարում է, որ Արթուր Սարգսյանը ոչ արդար դատաքննության զոհերից մեկն է:
«Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի, կերպարը մեզ համար անհասկանալի է, որովհետև մեր հասարակությունը մեծ մասամբ գլուխ պահող հասարակություն է: Այս պայմաններում անհասկանալի է այն, որ մարդը կարող է գնալ նման ինքնազոհողության»,-նման կարծիք հայտնեց Իշխանյանը «ՀԱՑ ԲԵՐՈՂԸ» արդար դատաքննության բացակայության զոհ. ինչո՞ւ չեն պատժվում իրավապահ համակարգի պատասխանատուները» թեմայով քննարկման ժամանակ:
Իշխանյանը հետաքրքիր է համարում այն, որ Արթուր Սարգսյանը հասարակական կամ քաղաքական գործիչ չէր, չէր ձգտում հերոսության:
«Ես զարմացել էի, որ Հայաստանում նման մարդ գոյություն ունի, նրա խիղճը նրան տարավ այդ քայլին: Թող ինձ ներեն 88 թվականից մինչև այսօր տարբեր առիթներով հացադուլ հայտարարծ գործիչները, բայց սա աննախադեպ բան էր Հայաստանում, երբ մարդը հացադուլ է հայտարարում ու դուրս չի գալիս հացադուլից, մինչև իր պահանջները չկատարվեն: Իհարկե, դա շատ ծանր նստեց նրա վրա, բայց նա ցույց տվեց, որ կան հարցեր, որոնցում պետք է սկզբունքային լինել»,-ասաց Իշխանյանը:
Քննարկման մասնակից «Հետք»-ի իրավական հարցերով լրագրող Զարուհի Մեջլումյանն ասաց, որ Հաց Բերողի մահից հետո իրավական գործընթաց էր մեկնարկել քննիչների դեմ:
«Քրեական գործի հարուցումը մերժվեց, սակայն պաշտպաններն այդ մերժումը բողոքարկում են դատական կարգով»,-ասաց նա:
Փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ Ա. Սարգսյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ բացառապես բժշկական սխալի հիմքով, ինչը նշանակում է «քննության սահմանափակ, ուղղորդված ուղղություն, որից դուրս են մնում բազամթիվ հարցեր, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են նրա մահվան պատճառների հետ, արձանագրված հիվանդություններն ունեցել են զարգացում, իսկ զարգացումը եղել է կալանքի պայմաններում»:
Եգորյանն ասաց՝ իրենք մինչ այժմ որևէ տեղեկատվություն չունեն փորձաքննությունից, ծանուցում չունեն դատական նիստերի մասին, սահմանափակված է քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվ քննությունը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, վերջին տարիների պատմության ամենալուսավոր կերպարներից մեկն է Հաց Բերողը:
Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ուրախ է, որ Հաց Բերողի պատվին պատրաստվում են կոթող տեղադրել:
«Ինքնազոհաբերությունը չի կարող լինել մասայական, բայց յուրաքանչյուր ժողովուրդ նման օրինակների կարիք ունի: Արթուր Սարգսյանը խորհրդանիշ դարձավ դեռ իր կենդանության օրոք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային քննարկման է դրվում Հաց բերողի հիշատակին նվիրված մանրակերտը
- Հաց բերողի մայրն օգնության կոչով դիմում է մարդկանց
- Հաց բերողի քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու մեջ. «Հրապարակ»
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաք` Ազատության հրապարակում
- ՄԻՊ-ը Հաց բերողի վերաբերյալ տվյալները փոխանցել է քրեական վարույթն իրականացնող մարմնին
- Հավաք-երթ՝ ի հիշատակ Հաց բերողի