Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Լիբանանի հետ անվտանգության բնագավառում
«Հայաստանի համար Լիբանանի կարևորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել»: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին:
Նա նշել է, այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ:
«Այսօր նրանք ներկայացված են և՛ կառավարությունում, և՛ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին:
Հայաստանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին: Այն ևս մեկ անգամ վերահաստատվել է փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում»,-ասել է նախարարը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ 2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում:
«Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել այս առաքելությանը՝ ձգտելով իր նպաստը բերել ՅՈՒՆԻՖԻԼ-ի արդյունավետ գործունեությանը` ուղղված բարեկամ Լիբանանում խաղաղության ապահովմանը: ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում»,-ասել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա:
«Տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ։ Այդ երկրի ազգային-կրոնական բազմերանգությունը և պատմամշակութային ժառանգությունը առանձնակի արժեք են ներկայացնում։ Համամարդկային արժեքները հատուկ պաշտպանություն կարիք ունեն»,-ելույթն ամփոփել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցության համաժողովին
- Հայաստանում կստեղծվի Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ
- Հայ-լիբանանյան հարաբերություններն առավել կակտիվանան հատկապես Լիբանանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո. Փորձագետ
- Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում. Սաադ Հարիրի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում