Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին է նվիրաբերել թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր է նվիրաբերել։
Հիվանդանոցի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Յոգեշվար Սանգվանը նշել է, որ Հնդկաստանի դեսպանությունն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս նման կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ներդրում ունենալ հիվանդ երեխաների բուժման գործում:
Նա վստահություն հայտնել է, որ երկարամյա համագործակցությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ շարունակական է լինելու, ինչպես կրթության, այնպես էլ կլինիկական և գիտական ոլորտում:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլախավոր բժիշկ Բագրատ Բավեյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նվիրատվության համար՝ ընդգծելով, որ այս տարիներին բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել այն պացիենտների կողմից, որոնց կյանքի որակը էականորեն բարելավել է տրամադրված դեղերի շնորհիվ: Ի նշան երախտագիտության, նա դիվանագետին է փոխանցել համալսարանում բուժում ստացող փոքրիկներից մեկի ձեռքի աշխատանքը:
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում է ստանում թալասեմիա ունեցող 31 հիվանդ, և այսօր տրամադրված դեղերի քանակը մոտ երկու տարի կբավարարի դրանց կարիքն ունեցողներին: