Նովրուզի տոնին սպասվում է իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան. Զարմինե Զեյթունցյան
Առաջիկա օրերին կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է Նովրուզի տոներով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպասվում է, որ Նովրուզին (մարտի 21-ը) մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր:
«Նախորդ տարի Զբոսաշրջության պետական կոմիտեն Իրանի չորս քաղաքներում կազմակերպել է միջոցառումներ, իսկ դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները: Այսինքն՝ մշտապես աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը»,- ասաց նա:
Զարմինե Զեյցունցյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Իրան -Հայաստան սահմանային անցակետում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվեն Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող բրոշյուրներ,տեղեկատվական թերթիկներ:
«Իրանցիներն այսօր ավելի շատ Հայաստան գալիս են առանց տուրօպերատորների, ուստի իրենց հանգիստն ավելի կազմակերպված լինելու համար Հայաստանի մասին տեղեկատվություն կտրամադրվի զշբոսաշրջիկներին: Բացի այդ, Նովրուզի ողջ ընթացքում Հայաստանում կգործի 24-ժամյա թեժ գիծ: Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ պայմանավորվածություն է նաև ձեռք բերվել, որպեսզի Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ակտիվացված աշխատեն ճանապարհային ոստիկանությունն ու շտապօգնության ծառայությունը: Այսինքն՝ սահմանից սկսած ավելի ապահով կդարձնենք նրանց ուղևորությունը»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշեց նաև, որ Նովրուզի օրերին Հայաստանի տարբեր վայրերում շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ են փակցնելու: Պաստառների վրա նշված են լինելու նաև ճանապարհին մոտ գտնվող տեսարժան վայրերի մասին տեղեկություններ, ուր զբոսաշրջիկները կարող են այցելել:
Զարմիեն Զեյթունցյանը հայտնեց, որ 2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016թ-ի համեմատ 16 տոկոսով ավելի է: Այս տարի ևս, ըստ նրա, քայլեր են արվում իրանցի զբոսաշրջիկների աճ ապահովելու համար. «Դեռ չենք կարող ասել, թե որքան զբոսաշրջիկ կայցելի Հայաստանի, բայց պետք է նկատենք, որ տարեցտարի իրանցի զբոսաշրջիկների թիվը մեր երկիր աճում է: Այս տարի ավելացել են նաև Թեհրանից ուղիղ ավիաչվերթները, ինչը ևս կնպաստի զբոսաշրջության աճին»:
Հարակից հրապարակումներ`
- Թավրիզցիների վերադարձը իրենց «հայրենիք»՝ Երևան, Արգիշտի, «Գլենդել-Հիլզ»
- Ինչ սովորել պարսիկներից և ինչ սովորեցնել պարսիկներին