Ցուցահանդես՝ նվիրված «կնոջ դժվարին ճակատագրի երգիչ» Նվարդ Զարյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 16-ին բացվեց ցուցահանդես՝ նվիրված քանդակագործ, նկարչուհի Նվարդ Զարյանի 100-ամյակին: Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ այս տարվա մեկնարկը տալիս են մեծանուն քանդակագործի ցուցահանդեսով, նախորդ տարին էլ ամփոփել են մեկ այլ մեծանուն քանդակագործով՝ Արա Շիրազով:
«Մենք, այսպես ասած, քանդակագործների գիծն ենք վերցրել, որովհետև Ազգային պատկերասրահը միայն նկարներ չեն, Նվարդ Զարյանի 100-ամյակը մենք որոշեցինք անել հետաքրքիր, փոքր, գողտրիկ, բայց շատ գեղեցիկ հնչեղությամբ, ես միշտ ասում եմ՝ «տերյանական ցուցահանդես», դուք դա կզգաք: Ներս մտնելով՝ դուք կտեսնեք, որ քանդակագործի ցուցահանդես է, բայց ինձ թվում է՝ գրաֆիկական աշխատանքները, որ տրամադրել է ընտանիքը, ոչ պակաս են, շատ լավն են և մի պահ ապակողմնորոշում են, առաջինը՝ նայես գրաֆիկական աշխատանքները, թե քանդակները»,- ասաց նա:
Ծատուրյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված գրաֆիկական աշխատանքները դուր են եկել ոչ միայն իրեն, այլև շատերին, ուստի խնդրեց, եթե հնարավոր է՝ վերջում դրանք հանգրվանեն Հայաստանի ազգային պատկերասրահում, որպեսզի հավաքածուն ավելի համալիր լինի:
Ցուցահանդեսի համակարգող Անահիտ Մարգարյանը նշեց, որ ցուցադրվող գործերում ազգային պատկերասրահի հավաքածուն է և քանդակագործի հարազատների տրամադրած նմուշները՝ 18 քանդակ, 11 գեղարվեստական աշխատանքներ՝ խառը տեխնիկայով արված, որից 10-ը տրամադրել է Նվարդ Զարյանի եղբոր որդին, ցուցադրված է նաև մեկ գեղանկար՝ Կոստան Զարյանի դիմանկարը, որ պատկանում է Մինաս Ավետիսյանի վրձնին: Մարգարյանն ասաց, որ քանդակագործի հարազատների տրամադրած հարուստ արխիվային նյութը մի գեղեցիկ հոլովակի հիմք է դարձել:
«Երբ դուք դիտեք այդ գործերը, կտեսնեք, որ դրանք բազմաժանր են՝ լինեն հաստոցային քանդակներ, ժանրային կամ դիմաքանդակներ՝ արված տարբեր նյութերից, նրա սիրելի նյութերը եղել են քարը և մարմարը, անպաճույճ նյութերից, ինչպիսիք են ցեմենտը, բետոնը կամ մանր երկաթյա կտորտանքները, նա կարողացել է ստեղծել կանանց ֆիգուրներ»,- ասաց նա: Մարգարյանը նշեց, որ իտալացի քննադատներից մեկը քանդակագործին անվանել է «կնոջ դժվարին ճակատագրի երգիչ», ով արվեստում իր ուրույն տեղն ունի:
Նվարդ Զարյանի եղբոր որդին՝ Արա Զարյանը, նշեց, որ ցավոք՝ իր հորաքրոջ՝ Նվարդի հետ, շատ չի շփվել. ինքը 1956 թ. ծնվել է Հռոմում և մինչև 1963 թ. հորաքրոջ հետ հանդիպումներ շատ են ունեցել: Նա պատմեց՝ ընտանիքով բոլորը հավաքվում էին, իրենք երեխաներով շփվում էին, սակայն 1963 թ. որոշեցին տեղափոխվել, վերահաստատվել Հայաստանում: Դրանից հետո Արա Զարյանը հորաքրոջը երկու անգամ է տեսել, երբ նա տարբեր առիթներով եկել է Հայաստան՝ նաև 1964 թ. ցուցահանդեսի հետ կապված: Կար մի ծրագիր՝ գլխավոր պողոտայի վրա տեղադրել քանդակների մի շարք, Նվարդ Զարյանը մոդելներ է արել, որոնցից մի քանիսը այստեղ ցույց են տվել:
«Ցավոք, այդ ծրագիրը չիրականացավ, դրա հետ կապված իմ մեջ հուշ է մնացել՝ մեր տունը Աբովյան փողոցի վրա էր, Չուբարն այնտեղ արվեստանոց ուներ՝ Կաթողիկեի բակում փոքր ավտոտնակ կար, ինքն այնտեղ աշխատում էր, հորաքույրս եկել էր, իրենք ծանոթ էին, մեկ ամսով թողել էին, ինքն այնտեղ աշխատում էր, ես դպրոցից որ գալիս էի, միշտ գնում էի իր մոտ, տեսնում էի՝ ինչպես է կավից ծեփում, ես սկսեցի իր հետ այնտեղ բաներ անել՝ քանդակներ և այլն, վերջը ինքն այնքան հավանեց, որ դրանք թրծեցինք և մինչև հիմա ես դրանք ունեմ»,- ասաց նա:
Արա Զարյանն ասաց, որ ցուցադրությանը դատարկաձեռն չի եկել, այլ՝ անակնկալով. Նա ընթերցեց քանդակագործի հոր՝ Կոստան Զարյանի բանաստեղծությունը, որ նա ձոնել է նորածին դստերը: