Խոսում եմ ապագա վարչապետի որակների մասին, որին ամենշատը կարող է համապատասխանել գործող նախագահը. Խ. Հարությունյան
«Սահմանադրական բարեփոխումների այս ընթացքը մտել է շատ վճռական փուլ, և ԱԺ օրակարգում հիմնականում ներգրավված են այն նախագծերը, որոնք ապահովում, երաշխավորում են սահմանադրությամբ նախատեսված մարմինների սահուն ձևավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր հանրության կողմից քննարկվող գլխավոր թեմաներից մեկը ապագա վարչապետի թեկնածուի հարցն է, ինչը շատ բնական է։
ՀՀԿ-ական պատգամավորը բանաձևեց, թե ինչպիսի պահանջներ պետք է ներկայացվի ապագա վարչապետի թեկնածուին, ինչն էլ, նրա կարծիքով, կարող է բերել ինչ-որ կոնկրետ թեկնածուի։
«Քանի որ հանրապետության վարչապետին վերապահվում է արտաքին քաղաքականության ոլորտում բացառիկ պատասխանատու դերակատարում, բնական է, որ ապագա վարչապետը պետք է լինի անձնավորություն, որն այս ոլորտում ունի փորձառություն, միջազգային ճանաչելիություն, իսկ միջազգային գործընկերների մոտ՝ հուսալի գործընկերոջ համբավ։ Մյուս կողմից ապագա վարչապետն անպայման պետք է ունենա ներքին կյանքի կազմակերպման փորձառություն։ Եթե մենք այս չափորոշիչներով փորձենք փնտրել ապագա պոտենցիալ վարչապետին, կարծում եմ՝ այդպիսի կարողություններ, ունակություններ ունեցող մարդկանց քանակը շատ սահմանափակ կլինի»,- մանրամասնեց Խոսրով Հարությունյանը։
Իսկ ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, նա նշեց, որ այստեղ էլ օբյեկտիվորեն առանձնապես շատ մեծ ընտրություն չկա։
Լրագրողների ճշտող հարցին, թե նա խոսում էր գործող նախագահի որակների մասին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես խոսում եմ ապագա վարչապետի որակների մասին, որին ամենշատը կարող է համապատասխանել գործող նախագահը։ Այդուհանդերձ, ես անընդհատ փորձում եմ հանրության ուշադրությունը սևեռել ոչ թե անձի վրա, այլ թե այդ պաշտոնին ինչ պատասխանատվություն է վերապահված, որից ելնելով փորձենք գնահատել, ով առավելագույնս ունակ կլինի իր անհատական հատկություններով բավարարել։ Սա պետք է լինի ալգորիթմը, քննարկման բանաձևը»։
Նա հավելեց, որ շատ կարճ ժամանակ հետո ՀՀԿ-ն կհնչեցնի իր թեկնածուի անունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին