Արքայազներ Ուիլյամն ու Հարրին հրաժարվել են մասնակցել ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Արքայազներ Ուիլյամը և Հարրին ֆուտբոլի մեծ սիրահարներ են, նրանք հաճախ մասնակցում են ֆուտբոլային հանդիպումներին, որոնք տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում: Բացի այդ, արքայազները Սուրբ ծննդյան արձակուրդներին իրենց թիմերով ֆուտբոլ խաղալու առիթը երբեք բաց չեն թողնում:
Hello ամսագիրը գրում է՝ նախատեսվում էր, որ այս տարվա ամռանը բրիտանական գահի ժառանգորդները կգան Ռուսաստան՝ դիտելու ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը:
Սակայն որոշ ժամանակ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական նախարարները և արքայական ընտանիքի անդամները հրաժարվել են այդ ճամփորդությունից: Այդ մասին վարչապետն ասել է խորհրդարանում ելույթի ժամանակ, երբ նա պատասխանում էր հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված հարցերին:
Թագավորական ընտանիքի և նախարարների այցի մերժումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես Է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում: