Աֆրինն ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին
Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում։
Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Րաջո, Բյուբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները։
Աղբյուրը գրում է, որ Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային:
Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: Նրանք անցնելու են պարտիզանական կռիվների մարտավարությանը և անընդհատ հարվածելու են Աֆրին ներխուժած թուրքական զինուժին:
Աֆրինի անկումից հետո քրդերը և նրանց համախոհները բողոքի ձայն են բարձրացրել եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Փարիզում, Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Ստրասբուրգում, Հռոմում, Վիենայում. Ստոկհոլմում կազմակերպվել են բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջել են, որ Եվրոպան դատապարտի թուրքերի իրականացրած կոտորածը Աֆրինում:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. «Հույս ունեմ, որ մինչև այսօր երեկո Աֆրինը կընկնի»
- Թուրքերն Աֆրինում պաշարել են քրդերին
- Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պատրաստ են մտնել Աֆրինի կենտրոն
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Աֆրինում գործողության ավարտի ժամկետները