Թալիշը միշտ էլ ապրելու է. սկսվում է նոր բնակելի տների կառուցումը
Ապրիլյան պատերազմից տուժած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում շուտով կմեկնարկի բնակելի տների կառուցման երկրորդ փուլը: Այս մասին Panorama.am-ին ասաց Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ փուլով նախատեսվում է Թալիշում կառուցել և վերակառուցել 25 բնակելի տուն, 9-ը՝ հիմքից. «Ամեն ինչ արվում է, որպեսզի հրետակոծությունից վնասված տները, ենթակառուցվածքները օր առաջ վերականգնվեն»:
Վիլեն Պետրոսյանը հայտնեց, որ ներկայում ընթացքի մեջ է Թալիշում կառուցվող նոր դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցումը. «Ակտիվ շինարարական աշխատանքներ էր ընթանում: Երկու շենքերն էլ ապահովված են ապաստարաններով»:
Նշենք, որ ամիսներ առաջ Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հայտարարել էր, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն Թալիշի դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:
Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Թալիշում արդեն շահագործման են հանձնվել 17 բնակելի տներ, ավարտվել է նաև համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերի կառուցումը, որոնք նույնպես առաջիկայում շահագործման կհանձնվեն:
«Գյուղում մշտական բնակություն է հաստատել արդեն մեկ ընտանիք, այս տների կառուցումից հետո էլ մարդիկ կվերադառնան գյուղ: Թալիշը վերակառուցվում է, Թալիշը միշտ էլ ապրելու է»,- ասաց Վիլեն Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղշին. Մինչև տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն
- Թալիշի նոր առանձնատները ավարտական փուլում են
- Արցախի դարպասը՝ Թալիշը, շենանալու է ու միշտ կանգուն է մնալու
- Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»
- Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան
- Թալիշի բերքը կհավաքեն թալիշցիները, այլ ոչ թե ուրիշները. Վիլեն Պետրոսյան