Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մարտի 15-ից 18-ը տեղի է ունեցել ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն և տարբեր լեզուներով թարգմանություններով:
Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը առանձնազրույցներ է ունեցել Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի, ինչպես նաև տարբեր խոշոր հրատարակչությունների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ Հայաստանում գերմաներենի առավել լայն տարածման, գերմաներեն լեզվով հայ գրականությունն ընթերցողին հասանելի դարձնելու հարցերում: Գոհունակությամբ արձանագրելով Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու պատրաստակամությունը՝ կողմերն այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ:
Նշենք, որ ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո:
Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ:
Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է ավելի քան 3000 տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա