Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Աշոտյան
«Առաջին անգամ մեր երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները միասին աշխատեցին ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:
Աշոտյանի խոսքով՝ այս համատեղ նիստը խորհրդանշական էր, քանի որ երկու երկրների պետականության վերականգնման համար 100-ամյակի շրջանակում էր այն:
«Մեր համատեղ աշխատանքը կոնկրետ նվիրված էր մի շարք կարևորագույն հարցերին, մասնավորապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին և հարցին լեհական խորհրդարանում, նվիրված էր տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հարավային Կովկասում իրավիճակին և Արցախի հակամարտության կարգավորմանը: Քննարկել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հնարավորությունը»,- ներկայացրեց Աշոտյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին ընդգծեց, որ այսպիսի նիստերը հնարավորություն են տալիս ինչպես զարգացնել երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ճիշտ իրավիճակը ներկայացնել միջազգային հարթակում:
«Շատ կարևոր է, որ մեր հայ գործընկերները Լեհաստանն են ընտրել՝ որպես փորձի փոխանակման աղբյուր: Պարտավորված ենք զգում, և հնարավորինս ամեն ինչ կանենք որպեսզի սահուն դարձնենք եվրաինտեգրման ճանապարհը»,- նշեց Ռոցկին:
Նա հայկական պատվիրակությանը հրավիրեց Վարշավա՝ հետագա աշխատանքները շարունակելու նպատակով:
Արմեն Աշոտյանը նաև հավելեց, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ ՀՀ-ի կողմից այն վավերացնելուց հետ. «Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ըստ էության՝ այն կվավերացվի ապրիլի 10-ի նիստին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան