Ռոցկի. Ամեն ինչ պետք է անել, որ երկու երկրների նոր սերունդը խաղաղ ճանապարհով կերտի իր ապագան
Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի եւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ կիրակի այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին և նրա գլխավորած պատվիրակության անդամները Լեհաստանի Սենատի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:
Մարեկ Ռոցկին, ցավակցություն հայտնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության համար, նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների նկատմամբ նախորդ դարում իրականացվել են դաժան ոճրագործություններ և հավելել, որ ամեն ինչ պետք է անել, որ երկու երկրների նոր սերունդը խաղաղ ճանապարհով կերտի իր ապագան:
«Տպավորված եմ: Դժվար է այստեղից անտարբեր դուրս գալ»,- ասել է Մարեկ Ռոցկին:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան Չելպակը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում
- Սերժ Սարգսյան. Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ
- Լեհաստանի Սենատն ընդունեց բանաձև՝ Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան