Ցանկացած պատգամավոր իրավունք ունի մասնակցելու ցանկացած հանձնաժողովի նիստին. Կոստանյան
«Ազգային ժողովի մարմինների թվաքանակը չի կարող իր հիմքում ունենալ համամասնություն՝ կամ խմբակցության թվի, կամ խմբակցության մեջ ընդգրկված պատգամավորների թվի առումով»,- այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նա նշեց, որ իրենք ևս խնդիր տեսնում են՝ ինչպես անեն, որ հանձնաժողովներում հնարավորինս շատ մասնակցություն լինի ամենափոքր թվաքանակ ունեցող խմբակցություններից, որպեսզի հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ դարձնեն։
«Թեև, ես անկեղծորեն դրա մեջ շատ մեծ խնդիր չեմ տեսնում՝ մի պարզ պատճառով, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի մասնակցելու ցանկացած հանձնաժողովի նիստին, իրավունք ունի ելույթներ ունենալ, հարցեր բարձրացնել, այսինքն դասական իմաստով բոլոր իրավունքներից օգտվում է, բացի՝ քվեարկությունից։ Այսինքն հանձնաժողովի աշխատանքի մասնակցությունը ԱԺ պատգամավորի՝ անգամ ամենաքիչ խմբաքանակ ունեցող խմբակցությունների պայմաններում ապահովվում է».- նշեց Կոստանյանը։
Դիմելով նախագիծն առաջարկող ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ նա ասաց. «Այնուամենայնիվ, ես էլ եմ գտնում՝ թեև մենք բոլորս ֆիքսում ենք, որ ձեր բարձրացրած խնդիրն իր հիմքում ունի տրամաբանություն, միաժամանակ այն, որ այս մի հոդվածի փոփոխությունը չի հանգեցնելու խնդրի լուծմանն ու ավելի շատ պրոբլեմներ է առաջացնելու, հետևաբար ես առաջարկում եմ քննարկումը հետաձգենք, նախագիծը հետ վերցնեք, հետո կլրացնենք, բոլորս կնստենք կաշխատենք, կոնցեպտուալ լուծում կտանք, կգնանք առաջ»։
Ամփոփիչ ելույթում Արմեն Ռուստամյանն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ պատգամավորը գալիս է, ներկա է լինում հանձնաժողովի նիստին, բայց չի կարողանում մասնակցել հանձնաժողովում քվեարկությանը։
«Համամասնությունը հանձնաժողովներում խախտված է։ Ինչ ուզում եք արեք, ապահովեք հանձնաժողում խմբակցության ներկայությունը»,- հավելեց նա։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամսով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում