ԿԳՆ-ն սատարում է «Չումբո» խմբին. քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որով հայտնում է ՀՀ ԿԳՆ՝ «Չումբո» նախաձեռնող խմբին սատարելու պատրաստակամության մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որը հանդիսանում է ծնողների, կրթական ոլորտի 9 մասնագիտական կազմակերպությունների, անհատ փորձագետների և 150-ից ավելի անհատ քաղաքացիների միավորում, սույն հայտարարությամբ իր անհանգստություն է հայտնում «Չումբո» նախաձեռնող խմբին աջակցելու և սատարելու ՀՀ ԿԳՆ-ի պատրաստակամության վերաբերյալ, ինչի մասին վկայում են՝
- «Չումբո» նախաձեռնող խմբի հրապարակած տեսագրության մեջ ԿԳ նախարարի խոսքերն ու ցուցաբերած վերաբերմունքը,
- ՀՀ ԿԳ նախարարի, փոխնախարարի, ՀՀ մշակույթի փոխնախարարի, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների պաշտոնյաների ամենաբարձր մակարդակով տվյալ նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ու քննարկման փաստը:
«Չումբո» նախաձեռնող խումբը 2017 թվականին արդեն ունեցել է աշակերտների համար մասսայական միջոցառման կազմակերպման նմանատիպ մի փորձ, որը խիստ քննադատության է արժանացել հանրության կողմից: ՀՀ ԿԳ նախարարը դեռև մեկ տարի առաջ խոստացել էր դիտարկել նրանց գործունեությունը։ Մինչդեռ ամիսներ անց տարածված տեսանյութը և ֆեյսբուքյան գրառումները փաստում են, որ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով հանդիպումներ են ունենում և իրենց ծրագրերի իրականացման համար աջակցություն ստանում ոլորտի պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներից։
Արդի աշխարհում հետազոտվում և մշակվում են երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպման մեթոդաբանություն ու տեխնոլոգիաներ: Ըստ Ջով Դյումաձենին (Geoff Dyumazede), ով հանդիսանում է ժամանցի մանկավարժությանը հիմնադիրը, ժամանցը հանդիսանում է երեխայի անձի զարգացմանն ուղղված մանկավարժ-մասնագետի աշխատանքային կարևորագույն գործառույթ։ Արտադասարանական գործողությունները պետք է կազմեն հիմնական ծրագրի մասը և չեն կարող կազմակերպվել հանրակրթության սուբյեկտ չհանդիսացող կառույցի կամ նախաձեռնության կողմից։ Սակայն, տվյալ պարագայում, տեսնում ենք հակառակ իրողությունը։
Փաստում ենք, որ Չումբո նախաձեռնող խմբի կողմից առաջարկվող ձևաչափով դպրոցականների համար մասսայական խնջույքների նախաձեռնումն ու կազմակերպումը չի համապատասխանում կրթության զարգացման ժամանակակից նպատակներին, ինչպես նաև աշակերտների ազատ ժամանցի կազմակերպման համաշխարհային մոտեցումներին ու սկզբունքներին: Ավելին, բովանդակային վերլուծության դեպքում այն հակասում է ազատ ժամանցի կազմակերպման մանկավարժական մոտեցումներին ևս։
Սույն հայտարարությամբ կոչ ենք անում պատասխանատու պետական մարմիններին արգելել «Չումբո» նախաձեռնող խմբի մուտքը կրթական հաստատություններ՝ աշակերտների ժամանցի կազմակերպման նպատակով, ինչպես նաև հայտարարում ենք, որ.
- Աշակերտների համար մասսայական «քեֆերի» նախաձեռնումը՝ առանց կրթադաստիարակչական, զարգացնող, մշակութա-ստեղծագործական բաղադրիչների ապահովման չի հանդիսանում վերջիններիս ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպական մոտեցում, ավելին՝ հակասում է ազատ ժամանցի կազմակերպման սկզբունքներին ու օրինաչափություններին,
- Նմանաբովանդակ միջոցառումների կազմակերպումը, տարածումն ու պատկան մարմինների կողմից հովանավորչությունը հակասում է կրթության ոլորտի քաղաքականության, ինչպես նաև երեխաների անվտանգության և առողջության պահպանման սկզբունքներին և նպատակներին։
Ի հավելումն, հարկ ենք համարում նշել հետևյալը.
Սույն թվականի փետրվարի 15-ին «Չումբո» նախաձեռնող խումբը հրապարակել է տեսանյութ և հայտարարել, որ. «Չումբո նախաձեռնող խմբի նախագահ Սմբատ Հակոբյանը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար Լ․Մկրտչյանին և փոխնախարար Մ․ Մկրտչյանին։ Երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվեց․ ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների , բուհերի և այլ կրթական հաստատություների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, վերջին զանգի տոնախմբությունների մեր տարբերակով փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո» նախաձեռնող խմբին։ Նախարարը շատ բարձր գնահատեց Սմբատ Հակոբյանի իրականացրած բոլոր նախաձեռնությունները» »։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները