Մշակվում են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 12-17-ն անցկացրել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում: Այն իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի թվով 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից :
Միջոցառումներն անցկացվել են Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
Գործընթացին մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության սպաներ և «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Ստեփանավան համայնքում նախագծի փորձարկումն արդյունավետ էր նրանով, որ դրան ներգրավված էին նաև «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվել են վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործիքները, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները: «ԼոռԷ» փրկարար ջոկատի ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Փորձարկման ընթացքում յուրաքանչյուր կրթօջախում ստեղծվել է աղետների ռիսկի կառավարման խորհուրդ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, որոնց մասնակցությամբ մշակվել է աղետների ռիսկի կառավարման պլան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել են վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարահանման պլանները, որոնք համապատասխան տարահանման պայմանական նշանների հետ միասին փակցվել են շենքերի ներսում՝ սահմանված վայրերում:
Աղետների ռիսկի կառավարման պլանի փորձնական կիրառման ժամանակ ի հայտ եկած թերությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո այն կփորձարկվի այլ մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները