Նալբանդյան. Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ
«Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում:
Նախարարը նշել է, որ «Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները:
«Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը և ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը և բարօրությանը: «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը և ընդգծելով միասին ապրելու ունակության կարևորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով»,-ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով, հայկական կողմն ակնկալում է նաև աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման և բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարը:
«Գագաթաժողովի կարևոր միջոցառումներից մեկը, որը մտադիր ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների և մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու և գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:
Ցանկանալով Երևանի գագաթաժողովին հաղորդել հարուստ և բազմաշերտ բովանդակություն՝ Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ: Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության և համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգը»,-նշել է ԱԳ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Մենք սիրում ենք կատակել, որ Երևանը քսանինը տարով Հռոմից մեծ է
- Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական կոմիտեի նախագահին
- Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
- Շառլ Ազնավուրը, Տիգրան Համասյանն ու Անդրե Մանուկյանը՝ Ժնևի Ֆրանկոֆոնիայի համերգին
- Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի երկրների դեսպաններին գագաթաժողովի մասին մանրամասներ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան